Արցախում «Կուբ» համակարգերի երևալու մասին նյութը բուռն քննարկում առաջացրեց «Մեր բանակը» ֆեյսբուքյան էջում։ Հիմնական դժգոհությունը համակարգի հին լինելու հետ էր կապված։ Քանի որ նման մտահոգություններ հաճախ են հնչում՝ ցանկանում ենք մի քանի պարզաբանում տալ։
Զենքի և սպառազինության համար «հնացած» հասկացությունը բավականին հարաբերական է։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ որևէ զինատեսակ դեռ նույնիսկ սպառազինության չընդունված հնացել է։ Եվ հակառակը, լինում են դեպքեր, երբ զինատեսակը տասնամյակներ շարունակ մնում է արդիական։
Բացի այդ, էական է նաև, թե որտեղ և ինչ պայմաններում է կիրառվելու տվյալ զինատեսակը։ Կոնկրետ «Կուբը» միգուցե և իրեն չարդարացնի օրինակ` ՆԱՏՕ անդամ երկրների հզոր և բազմաքանակ ավիացիայի դեմ, բայց ադրբեջանական ավիացիայի դեմ այն բավական արդյունավետ համակարգ է։
Շատ տարածված սխալ է նաև, երբ խոսելով բանակի և մասնավորապես ՀՕՊ հնարավորությունների մասին՝ մարդիկ առանձնացնում են մեկ զինատեսակ և քննարկում դրա հնարավորությունները։
Օրինակ՝ երբ մենք խոսում ենք «Կուբերի» մասին, չպետք է մոռանալ, որ մեր ՀՕՊ-ը փոխլրացնող բաղադրիչներից կազմված մի ամբողջական, միասնական համակարգ է։ Եվ թշնամու ավիացիան ոչ թե գործ է ունենալու առանձին «Կուբերի» կամ «Ս-300»-ների հետ, այլ միասնական ՀՕՊ-ի։ Այդ զենիթահրթիռային համակարգերից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և իր թույլ կողմերը, որոնք փոխհատուցվում են մյուս համակարգերի օգնությամբ։ Պատկերավոր ասած, եթե այսօր հայկական զենիթահրթիռային բոլոր համակարգերը փոխարինվեն բացառապես Ս-300-ներով, ապա դրանից մեր ՀՕՊ հնարավորությունները ոչ միայն չեն ավելանա, այլ դեռ մի բան էլ կարող են նվազել։
Մեկ այլ տարածված սխալ է այն կարծիքը, թե եթե ադրբեջանցիները մի բան են գնում, ապա անհրաժեշտ է, որ մենք էլ անպայման դրանից ունենանք և անպայման նույն քանակով կամ ավելի շատ։ Ադրբեջանական բանակն ունի իր խնդիրները, մերը` իր։ Ու այդ խնդիրների լուծման համար պարտադիր չէ, որ անհրաժեշտ լինեն նույն զինատեսակները և նույն քանակներով։
Օրինակ՝ եթե ադրբեջանցիները գնում են մեծ հեռահարությամբ Ս-300ՊՄՈՒ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ներ, դա դեռ չի նշանակում, որ այդ համակարգը մեզ էլ է անհրաժեշտ։ Ադրբեջանի տարածքի մեծ մասը հարթավայրային է և 200կմ հեռահարությամբ ԶՀՀ-ն այնտեղ կարող է արդյունավետ լինել, իսկ մեր դեպքում դրանք պակաս արդյունավետ կլինեն։