Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բուլղարիայի, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի և Բելառուսի պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք Բաքվում են ADEX-2018 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
Հանդիպումների մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Թուրքիայի պատվիրակությունից Ադրբեջանում է պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսիր Դերեն, որի հետ, ինչպես հայտնում է աղբյուրը, Զաքիր Հասանովը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը, Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և համագործակցությունը ռազմական ու ռազմա-տեխնիկական ոլորտներում։
Իրանից Բաքու է մեկնել պաշտպանության նախարարի տեղակալ Ռիզա Մուզեֆերինիյան, ում հետ քննարկվել է փոխադարձ այցելություններ երկու երկրների փորձագետների միջև, ինչպես նաև համագործակցությունը ռազմական ոլորտում։
Պակիստանի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ներկայացուցչի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մալիկ Զաֆար Իգբալի հետ Հասանովը քննարկել է Ադրբեջանի և Պակիստանի ռազմական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների կազմակերպումը։
Բելառուսի պատվիրակությունից Հասանովը հանդիպել է պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի և պաշտպանության նախարարի տեղակալ, Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Սերգեյ Սիմոնենկոյի հետ: Բելառուսի հետ քննարկվել է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը։
Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրակսիմիր Կարակաչանովի պատվիրակության հետ ևս քննարկվել է երկու երկրների ռազմական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների ռազմա-քաղաքական դրությունը։
Հիշեցնենք, որ ADEX-2018 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացումը այսօր էր, որին Ադրբեջանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը՝ իր կազմում գործող ընկերություններով: