Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201–րդ ռազմաբազայի զինծառայողները, վարժանքների ընթացքում հաղթահարելով լեռնային խոչընդոտները, հասել են «զինյալ» խմբի քողարկված դիրքեր և կարճատև պայքարից հետո ոչնչացրել նրանց։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հետախույզները մշակել են տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, տեղաշարժման, դարանակալման, ձեռնամարտի, լեռնային տեղանքում քողարկման, մարտի սպասարկման առաջադրանքներ։
Տաջիկստանում ռուսական բազան պարբերաբար անցկացնում է հակաահաբեկչական զորավարժություններ, ինչը պայմանավորված է նրանով, որ երկիրը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:
ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։ Ռազմաբազայում ծառայում է Ռուսաստանի ԶՈւ ավելի քան 7 հազար զինծառայող։
Հավելենք նաև, որ 2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրել ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։
Նանե Պետրոսյան