Իրանում ամերիկյան անօդաչու սարքի վնասազերծում. որոշ մանրամասներ

Դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել, որը խախտել էր Իրանի սահմանը: Բնականաբար նախնական տեղեկությունները բավականին հակասական էին: Հետո Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի շտաբում հայտարարել էին, որ ԱԹՍ-ն հնարավոր է, կորել է նախորդ շաբաթ` Աֆղանստանում տեղի ունեցած վարժանքների ժամանակ:

Վերջապես ԱՄՆ-ում պաշտոնապես ընդունել են, որ Իրանում խորտակված «RQ-170 Sentinel» անօդաչու սարքը պատկանել է ԿՀՎ-ին, եւ այն գաղտնի առաքելություն է կատարելիս եղել:

Ենթադրվում է, որ սարքը դուրս է եկել ամերիկյան հետախույզների վերահսկողությունից եւ ուղեւորվել Իրանի տարածք: Ընդ որում, ամերիկացիները կարծում են, որ այն Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից չի խփվել, այլ ինքն է ընկել, երբ վառելիքը վերջացել է, հաղորդում է «NBC» հեռուստաալիքը:

Այժմ ամերիկյան մասնագետները մտավախություն ունեն, որ թռչող սարքի հետ իրանցի զինվորականների ձեռքում կարող են հայտնվել գաղտնի տեխնոլոգիաները, ներառյալ` վերահսկող տեսախցիկները, տարբեր ցուցիչներ եւ անօդաչու սարքի «անտեսանելիության» տեխնոլոգիան, որը նրան հնարավորություն է տալիս աննկատ մնալ ռադիոտեղորոշիչ սարքերի համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, սարքը իրանցի զինծառայողների ձեռքն է անցել նվազագույն վնասվածքներով:

Իհարկե, ամերիկյան ուժային կառույցների համար այլ երկրների օդային տարածքները օդային հետախուզության ենթարկելը բոլորովին նոր երևույթ չէ: Դեռ սառը պատերազմի տարիներից դա սովորական բան էր համարվում: Խորհրդային օդային սահմանները խախտվել են տասնյակ հազարավոր անգամներ, իսկ մի քանի անգամ սահմանախախտների խոցումը բավականին ցայտուն է հիշվում. Փաուերս, Ռուստ և այլն: Մինչև անգամ վերջերս մի քանի նման սենսացիոն բացահայտումներ եղան այդ մասին: Հիմա օդային լրտեսության մեջ կիրառվում են նոր գործիքներ` ԱԹՍ-ները, որոնք մեծ հաջողությամբ են կիրառվում այդ գործում: Այս տարվա սկզբին ևս Իրանի բանակը հայտարարեց որ խոցել է ամերիկյան ԱԹՍ, որի մասնիկները անգամ ուղարկվելու են Մոսկվա ուսումնասիրության, սակայն հետո այդ տեղեկությունը հերքվեց և այլն:

Սակայն փորձենք հասկանալ թե կոնկրետ այս դեպքը ինչ է իրենից ներկայացնում: Ինչպես արդեն հայտնի է ամերիկյան ԱԹՍ-ն խոցվել կամ խափանվել է Իրանի արևելյան` Աֆղանստանի հետ սահմանակից, տարածքներում: Սա կարող է նշանակել, որ կամ Իրանի ՀՕՊ-ը շատ հզոր է և արձագանքել է միանգամից, կամ իրականում սարքին չեն խոցել: Նշվել է, որ սարքը բավականին լավ վիճակում է և ենթակա ուսումնասիրման, սա կարող է նաև նշանակել, որ սարքի նկատմամբ կրակային ազդեցություն չի եղել` դրա համար էլ լավ է պահպանվել: Ուրեմն կարող է լինել, որ սարքը չի խոցվել: Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ «RQ-170 Sentinel» սարքը: Այն գերժամանակակից ամերիկյան հետախուզական ԱԹՍ է, որը ստեղծել են «Lockheed Martin» ընկերության «Skunk works» բաժնի մասնագետները, որոնք լավ մասնագիտացած են նման բացառիկ սարքերի ստեղծման գործում: Սարքը ստեղծված է նկատելիության նվազման տեխնոլոգիաներով և ունի զարմանալի հատկանիշներ, երկար, բարձր թռչելու և հետախուզություն կատարելու գործում:

Սարքը մարտական կիրառություն է անցել դեռ 2006-2007թթ. և մասնակցել շատ կարևոր առաքելությունների: Սա ևս խոսում է այն մասին որ սարքի խոցումը քիչ հավանական է, սակայն բացառված էլ չէ:

Իհարկե չի բացառվում, որ երկու կողմերն էլ իրականությունը թաքցնում են։ Ամերիկացիները լայնորեն են կիրառում օդային լրտեսությունը, իսկ ներկայումս Իրանի հետ հարաբերությունները միանգամայն հիմք տալիս են կասկածելու նման գործողությունների մեջ: Իսկ իրանական կողմը կարող է և խոցած չլինել սակայն փաստը այդպես ներկայացնել: Այստեղ տեղին է հիշել մի այլ օրինակ:

1969թ. վերջին խորհրդային ՌՏԿ-ների կողմից Բայկոնուր տիեզերանավակայանից մի քանի կիլոմետր այն կողմ նկատվեց սահմանախախտ ինքնաթիռ: Անմիջապես տարածաշրջանի ամբողջ ՀՕՊ-ը բերվեց մարտական վիճակի: Սակայն սահմանախախտն ինքը վայրէջք կատարեց առանց խոցելու և ստիպելու: Բանից պարզվեց, այն ինքնաթիռ չէր, այլ անօդաչու հետախուզական թռչող սարք, որը, սակայն հետախուզել էր ոչ թէ խորհրդային, այլ չինական տարածքները, ուներ ռադիոհետախուզության և ֆոտոհետախուզության սարքեր, թռիչքի ավելի քան 5000 կմ հեռահարություն և բավականին մեծ բարձրություն: Իսկ փոքրիկ ռեակտիվ շարժիչը կարող էր նրան հաղորդել գերձայնային արագություն: Սարքը լիովին նորություն էր խորհրդային մասնագետների համար և միանգամից որոշում կայացվեց այն մանրամասնորեն ուսումնասիրել: Հայտնաբերվածն ամերիկյան «D-21» անօդաչու հետախույզն էր, որը ստեղծվել էր նույն ընկերության նույն բաժնի մասնագետների կողմից: Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվա ժամանեց «Lockheed» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Բեն Ռիչը նրան ցուցադրեցին այդ սարքի կտորները: Նա միանգամից ճանաչեց «D-21» ԱԹՍ-ն, որը չէր վերադարձել իր առաջին Չինաստանը հետախուզելու մարտական առաքելությունից: Արդյունքում 1971թ. մարտի 19-ին կայացվեց մինիստրների խորհրդի N57 որոշումը` ռազմաարդյունաբերական համալիրի մասին: Որոշման համաձայն հարկավոր էր կարճ ժամանակում ստեղծել ամերիկյան սարքի համարժեքը, օգտագործելով նաև խորհրդային սարքավորումներ:

Չպետք է զարմանանք, եթե կարճ ժամանակ անց «RQ-170 Sentinel»-ի նմանակը հայտնվի իրանական կամ որ ավելի հավանական է չինական բանակում:

Արծրուն Հովհաննիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *