2014թ. համեմատ «Իսլամական պետության» «բյուջեն» նվազել է 10 անգամ․ ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Բեսեդան հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորումը 2014 թվականից կրճատվել է 90 տոկոսով։  Այս մասին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։

Բեսեդայի խոսքով՝ այս պահին տարեկան եկամուտը 200-300 մլն դոլար է գնահատվում, իսկ 2014-ին՝ 3 մլրդ դոլար։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ 2014 թ. ԻՊ միջոցները կազմել են շուրջ 1.8 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2014 թվականին շնորհիվ Իրաքում և Սիրիայում նավթով հարուստ հսկայական տարածքների՝ ահաբեկչական կառույցի «բյուջեն» իր գագաթնակետին էր հասել: Ռուսական կողմի 2018–ի մայիսին հայտարարած  տեղեկություններով՝ ԻՊ եկամուտները հիմնականում գոյանում են զենքի, թմրանյութերի, մարդկանց առևտրից, համակիրների նվիրատվություններից:

2018-ի մայիսին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «բյուջեն» 2017 թ. կազմել է 400 մլն դոլար: Եթե նախկինում զինյալները աշխատավարձ էին ստանում 1500 դոլար, ապա այժմ 150 դոլար է։ Այս ամենի հետ մեկտեղ ԻՊ-ն շարունակում է գումար վճարել սպանված ահաբեկիչների ընտանիքներին:

Սերգեյ Բեսեդան հայտարարել է, որ բյուջեի կրճատումը պայմանավորված է նավթով հարուստ և հարկվող տարածքների կորուստով։

Բեսեդայի խոսքով՝ զինյալների Աֆղանստանում ակտիվանալու կոնտեքստում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխատեսում է, որ ԻՊ–ն իր վերահսկողության տակ կվերցնի թմրանյութերի շրջանառման ապօրինի ուղիները, ինչն էլ հնարավորություն կտա մեծացնել եկամուտները։ Բացի այդ՝ գրոհայինները ուժեղացրել են սոցիալական ցանցերի միջոցով քարոզչությունը և հավաքագրումը։

Նշենք, որ 2018-ի մայիսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ«Ալ-Կաիդայի» ֆինանսավորումը կրկին աճում է և արդեն գերազանցում է ԻՊ ֆինանսավորումը: 

«Ալ Կաիդայի» զինյալները Սոմալիում․ Լուսանկարը՝ Reuters գործակալության

«Ալ Կաիդայի» զինյալները Սոմալիում․ Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *