Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Սիրիայի Հոմս քաղաքի հարավ–արևելյան ալ–Թանֆի շրջանում՝ ԱՄՆ ռազմաբազայի մոտակայքում, ավիահարվածներ են եղել «իրանական զինված ուժերի» շարասյան վրա։
Այս մասին հայտնում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։
Ըստ աղբյուրի՝ հարձակման հետևանքով 8 հոգի սպանվել է, ևս 11–ը՝ վիրավորվել, որոնց թվում եղել են ինչպես իրանցիներ, այնպես էլ սիրիացի և ոչ սիրիացի զինյալներ։
Աղբյուրը նշում է նաև, որ դեռևս հայտնի չէ՝ հարձակումը ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից է եղել, թե՝ ոչ։ Տարածքը, որտեղ ընկել են հրթիռները, գտնվում է այդ կոալիցիայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Ավելի վաղ էլ՝ հունիսի 26-ին սիրիական աղբյուրները հայտնել էին, որ իսրայելական երկու հրթիռ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Հավելենք, որ Իսրայելը և ԱՄՆ–ը պնդում են, որ Իրանը ռազմական ստորաբաժանումներ ունի Սիրիայում, սակայն Իրանը շարունակում է հերքել այդ մեղադրանքները՝ պնդելով, որ իրանցիները այնտեղ իրականացնում են խորհրդատվական առաքելություն։