ՌԴ ԶՈւ օդաչուները Աբխազիայում վարժանքների ընթացքում «ոչնչացրել են» «շեհիդ մոբիլներ»

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի անձնակազմը զորավարժություն է անցկացրել, որի ընթացքում Կա–52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռներով ոչնչացրել են «շեհիդ մոբիլ» (մեքենա, որը զինված է հեռակառավարվող պայթուցիկով)։

Այս մասին օգոստոսի 30–ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Զորավարժությանը օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի մոտեցող ականապատ մեքենաները։ Կիրառվել են կապի հետախուզման և ղեկավարման «Ստրելեց» համալիրներ։

Զորավարժությունները անցկացվում են օգոստոսի 15–ից սեպտեմբերի 20–ը։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 1000 զինծառայող, ներգրավված է ավելի քան 300 միավոր զինտեխնիկա։

Նշենք, որ բազային Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

 

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *