Հայաստանում կալանավորվել է ադրբեջանական լոբբիստ Թուրքիայից

Օգոստոսի 30-ին Հայաստանում ոստիկանության և ինտերպոլի համագործակցության արդյունքում կալանավորվել է ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը (Kevin Oksuz), ով Հայաստանում հիմնադրել է ՍՊԸ և գործունեություն ծավալել։ Վերջինիս նկատմամբ օգոստոսի 23-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Օքսուզը մասնավորապես մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով:

Օքսուզը «թուրքամերիկացիների և եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության» նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի և ամերիկացիների միջև՝ կազմակերպելով ուղևորություններ դեպի Թուրքիա և Ադրբեջան:

Օգոստոսի 30-ին ձերբակալված "Friends of Azerbaijan"–ի հիմնադիր–նախագահ ազգությամբ թուրք Քևին Օքսուզը

Օգոստոսի 30-ին ձերբակալված “Friends of Azerbaijan”–ի հիմնադիր–նախագահ ազգությամբ թուրք Քևին Օքսուզը

2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղևորության դեպի Ադրբեջան և Թուրքիա:

ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղևորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձևաթղթեր, ինչը կհավաստի ուղևորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաև պետք է նշվի վճարումների աղբյուրը և փաստացի ծախսերը:

Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձևաթղթեր, որոնք կեղծել է, և նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որևէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:

Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար և ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոքար» նավթարդյունաբերական ընկերությունից:

Պարզվել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են թանկարժեք նվերներ:

Ոստիկանության հրապարակած տեսանյութում ձերբակալվածը պատմել է որոշ մանրամասներ․

«Իմ թուրքական անունը Քեմալ է, երբ ես դարձա ԱՄՆ քաղաքացի փոխեցի անունս՝ Քևին։ 2012 կամ 2013թ․ ես հիմնադրեցի «Ադրբեջանի ընկերներ» (“Friends of Azerbaijan”) ասամբլեան։ Մենք միջոցառումներ էինք կազմակերպում։ 2013թ․ ԱՄՆ կոնգրեսականներին հրավիրեցինք Բաքու՝  մասնակցելու կոնֆերանսի։ Ադրբեջանի նավթարդյունաբերական կազմակերպությունը հատկացրեց 750 հզ դոլար նրանց տոմսերը գնելու համար։…Ադրբեջանցիները այս մարդկանց հյուրանոցների համարներ նվերներ էին ուղարկել։ Կային կարպետներ, ապակեղեն, այլ առարկաներ։ Ես գիտեմ մարդկանց, որոնք դրանք ընդունել են, ոմանք էլ հրաժարվել էին։ Հնարավոր է դա կոռուպցիա էր, ես չգիտեմ»,–ասել է Օքսուզը։

Նշենք, որ «Ադրբեջանի ընկերներ» ասամբլեան (Assembly of the Friends of Azerbaijan (AFAZ)) ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2012թ․, տեղակայված է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Այն նպատակ ունի զարգացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը և նպաստել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև առևտրին և ներդրմանը։

Օքսուզը խոսել է նաև ադրբեջանցիների և թուրքերի լոբբինգի մասին․

«Հայ սփյուռքը ուժեղ է և լավ աշխատանք է կատարում։ Ադրբեջանականը ոչինչ է, նրանք միայն փող են ծախսում լոբբիի համար, սակայն ոչնչի չեն հասնում։ Երբ հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հասնում է ԱՄՆ Կոնգրես, թուրքերը սկսում են աշխատել դրա ընդունման դեմ։ Նրանք զանգում են կամ հանդիպումներ կազմակերպում և ասում, որ նման բան չի եղել։ Անկեղծ նման բան արել եմ նաև ես, որովհետև չէի հավատում»։

One response to “Հայաստանում կալանավորվել է ադրբեջանական լոբբիստ Թուրքիայից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *