Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Հայաստանի դեմ ԱԹՍ կիրառած ընկերության աշխատակիցներին

Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել ընդդեմ նախորդ տարվա հուլիսին Արցախի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel լրատվակայքը:

Աշխատակիցների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման տնօրեն Հաիմ Հիվշարը և մարքեթինգի ղեկավար Դավիթ Գոլդինը:

Նշվում է, որ այս մարդիկ կասկածվում են մեքենայություններ անելու և Իսրայելի պաշտպանական արտադրանքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման համար:

Քրեական գործ էր հարուցվել դեռ նախորդ տարվա նոյեմբերին, սակայն Իսրայելական դատարանը արգելք էր դրել հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննություն էր ընթանում շուրջ մեկ տարի: Գործը քննել են ինչպես Իսրայելի ՊՆ-ում, այնպես էլ Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքում («Յահբալ»):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին, բայց սարքը գործադրել էին պատվիրակության ղեկավարները:

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում սկսված հետաքննության արդյունքում կասեցրել են Ադրբեջանին տվյալ տեսակի մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը այս հարցի կապակցությամբ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի արել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *