Ադրբեջանի 706-րդ բրիգադը

Ռազմ․ինֆոն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմական օբյեկտները, խոշոր զորամասերը։ Այս անգամ կանդրադառնանք Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի կազմում գործող 706-րդ մոտոհրաձգային բրիգադին։

Քանի որ սա առաջնագծային բրիգադ է, դրա կազմում գործող ստորաբաժանումները ցրված են իրարից: Կոնկրետ այս պարագայում այդ ցրվածությունը, մեր կարծիքով, պայմանավորվում է նաև տեղանքի առանձնահատկություններով և ռելիեֆով:

Բրիգադն ու նրա առանձին զորամասերը տեղակայված են Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում։ Բրիգադի հիմնական ուժերը նախկինում գտնվում էին Շուքուրբեյլի գյուղի հարևանությամբ, սակայն վերջին տարիներին Հորադիզ քաղաքի հյուսիսում կառուցվել է նոր զորամաս, որի նշանակությունը դեռևս պարզ չէ։ Հնարավոր է, որ բրիգադի շտաբը տեղափոխվել է կամ ապագայում տեղափոխվի այդ նորակառույց զորամաս։

Նկարում 706-րդ բրիգադի Շուքուրբեյլիում գտնվող զորամասի ընդհանուր տեսքն է։ Երևում են տեխնիկայի գարաժները, զորանոցները, շարահրապարակը, տարբեր ռազմական տեխնիկա ևն։

706-րդ բրիգադի ընդհանուր տեսքը

706-րդ բրիգադի ընդհանուր տեսքը

Հաջորդ նկարում ներկայացնենք վերը հիշատակված համեմատաբար նորակառույց զորամասը, որի շինարարությունը սկսվել է մոտ 2011-2012թթ․։

Նորակառույց զորամաս՝ Հորադիզ քաղաքի հյուսիսում։

Նորակառույց զորամաս՝ Հորադիզ քաղաքի հյուսիսում

Քանի որ բրիգադն առաջնագծային է, նրա որոշ ստորաբաժանումներ տեղակայված են հիմնական ուժերից առանձին։ Այսպես օրինակ՝ բրիգադի գումարտակներից մեկը տեղակայված է Հորադիզ քաղաքից մոտ 4կմ հարավ-արևմուտք։ Այդ գումարտակի հարևանությամբ վերջերս կառուցվել է մեկ այլ ռազմական հենակետ ևս, որտեղ կա առնվազն տանկային մեկ վաշտ ու հնարավոր է նաև այլ զրահատեխնիկա։

706-րդ բրիգադի գումարտակներից մեկի տանկային վաշտը

706-րդ բրիգադի գումարտակներից մեկի տանկային վաշտը

Թիկունքում գտնվող տանկային գումարտակ

Թիկունքում գտնվող տանկային գումարտակ

Հիմնական ուժերից առանձին են տեղակայված նաև բրիգադի հրետանային ստորաբաժանումների առնվազն մի մասը։

706-րդ բրիգադի հրետանային դիվիզիոններից մեկը

706-րդ բրիգադի հրետանային դիվիզիոններից մեկը

706-րդ բրիգադի հրետանային դիվիզիոններից մեկը

706-րդ բրիգադի հրետանային դիվիզիոններից մեկը

Հասկանալի է, որ տեղակայման վայրի բերումով բրիգադը մասնակցել է նաև 2016թ․ Ապրիլյան պատերազմում ու մասնավորապես հենց այս բրիգադն է գրավել Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը։ Այդ հաջողության համար բրիգադի ներկայիս հրամանատար, գնդապետ Շուքյուր Համիդովն Իլհամ Ալիևի հրամանագրով ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Բրիգադի ստորաբաժանումները և բաշխվածությունը՝

Պատմական ակնարկ

Ադրբեջանի ազգային բանակի 706-րդ բրիգադը կազմավորվել է 1992 թվականի հունիսին Ղուբաթլույում՝ տեղի ջոկատների հիման վրա և ի սկզբանե իր կազմում ունեցել է 5 գումարտակ։ Այդ պատճառով մինչ այսօր էլ բրիգադը ոչ պաշտոնապես հաճախ անվանում են ղուբաթլուական։

Արդեն 1992 թվականի հոկտեմբերին բրիգադը մասնակցել է Լաչինի միջանցքի ուղղությամբ սկսած հարձակմանը, որի նպատակն էր կտրել մայիսին բացված ցամաքային կապը ԼՂՀ և ՀՀ միջև։ Այն ժամանակ, ինչպես հայտնի է, հայկական բանակին հաջողվեց կասեցնել ադրբեջանական հարձակումները և՛ հարավում, և՛ հյուսիսում, ընդ որում՝ բառացիորեն ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ արդեն հոկտեմբերի կեսին թշնամու ուժերը հետ են շպրտվում։

1993 թվականի օգոստոսին 706-րդ բրիգադը պարտություններ կրելով գրոհող հայակական բանակից՝ Ղուբաթլուից նահանջում է Զանգելան, սակայն արդեն հոկտեմբերի վերջին բրիգադը ստիպված էր Իրանի տարածքով հեռանալ նաև Զանգելանից։

Այս պարտություններից հետո բրիգադը վերակազմավորվում է և 1994 թվականին կրկին ուղարկվում ռազմաճակատ, որտեղ մասնակցում է Աղդամի ուղղությամբ մարտական գործողություններին, ինչի արդյունքում ևս մեկ անգամ դուրս է բերվում թիկունք՝ վերակազմավորման։ Հետագայում բրիգադը տեղակայվում է ռազմաճակատի գծի ամենահարավում, որտեղ էլ գտնվում է մինչև այսօր։ Պատասխանատվության գոտին ընդգրկում է շփման գծի մոտ 30-40 կմ-նոց հատված և ձգվում է Արաքսի ափից մոտավորապես մինչև Ալխանլու գյուղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *