ԱԱԾ քրեական գործի նախնական տվյալներով՝ շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017–ին ՀՀ ՊՆ հետ պայմանագրերով հանձն են առել մատակարարել տասը միլիարդ ՀՀ դրամի տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն ժամկետներն խախտել են առանց հիմնավոր պատճառների։
Այս մասին հայտնում է ԱԱԾ կայքը։
Մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։
Նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստուգվելու են առևտրային ընկերություններին փոխանցված գումարների տնօրինման, արդեն իսկ մատակարարված ապրանքների ընդունման և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են համապատասխան ստուգումներ և փորձաքննություններ, պարզաբանվելու են անօրինական գործարքներին մասնակցած անձինք և նրանց արարքներին տրվելու է քրեաիրավական գնահատական։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։