Մեկնարկել է գարնանային զորակոչը։ Փոխվել են բանակային կորպուսների հրամանատարներ։ Ձերբակալվել է ՊՆ ՔԾ բաժանմունքի պետը։ Զինվորական իրավապահ մարմիններին նվիրված խորհրդակցություն Պն-ում։ Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ։ ՊԲ-ն դիմավորեց նորակոչիկներին։ Մոնթե Մելքոնյանի մահվան 20 տարին։ Կարոտ Մկրտչյանի հիշատակի օրը։
- Հունիսի 11-ին մեկնարկեց գարնանային զորակոչը։
- ՀՀ նախագահի հրամանով փոխվել են բանակային կորպուսների հրամանատարներ։ Գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար:
- 2013 թվականի հունիսի 11-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ առաջին կայազորային քննչական բաժնի երկրորդ բաժանմունքի պետ մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը: Շարունակությունն այստեղ՝ Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ ՔԾ բաժանմունքի պետը։
- Հունիսի 14-ին ՊՆ-ում զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն էր: Մասնակցել են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԳՇ վարչության պետեր, ոլորտի այլ պատասխանատուներ։
- Հունիսի 14-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ էր: Այն վարեց հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվեց 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա` հունիսի 29-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը: Նշվեց նաև`Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
- Հունիսի 12-ին բանակի կենտրոնական հավաքակետում հանդիսավոր միջոցառում էր։ Այն նվիրված էր պարտադիր զինծառայության ժամանած երիտասարդների առաջին խմբին։
- Հունիսի 12-ին Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցն էր: Եռաբլուր պանթեոնում էին հավաքվել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, նրա մարտական ընկերները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ուսանողները, հրամանատարական կազմը և այլք։
- Ազատամարտիկ Կարոտ Մկրտչյան 21 տարի առաջ անհայտ կորել է Շահումյանի մարտերի ժամանակ: Նա «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ է: