Օրերս՝ դեկտեմբերի 3-ին, մահացած զինծառայող Նարեկ Դավթյանի մահվան գործով քրգործ է հարուցվել: Փոփոխության է ենթարկվել Գյումրու ռուսական ռազմակայանի անձնակազմը: Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բանակում զոհվածների հարազատներին: Հաստատվել է Ադրբեջանի ռազմական բյուջեն: Իրանում զորքերը մարտական պատրաստվածության են բերվել: Պարզվել է Իրանում խփված անօդաչու սարքի պատկանելությունը: Սիրիան կանխել է Թուրքիայի գրոհայինների մուտքը սեփական տարածք:
- Ժամկետային զինծառայող Նարեկ Դավթյանի մահվան գործով քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:
- Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում ավարտվել է անձնակազմի պլանային փոփոխությունը:
- Նախարարն ընդունել է ոչ մարտական պայմաններում զոհված վեց զինծառայողների ծնողների և պարզաբանումներ տվել գործերի ընթացքի վերաբերյալ:
Իսկ տարածաշրջանում իրավիճակը դեռևս հստակ չէ: Բայց մինչ այդ նշեմ, որ Ադրբեջանը հաստատել է ռազմական բյուջեն, այն կազմում է 1,1 մլրդ դոլար: Ադրբեջանական բանակում էլ զինվորը կրակել է իր ոտքին՝ պատճառելով լուրջ վնասվածք:
- ԱՄՆ-ում պաշտոնապես ընդունել են, որ Իրանում խփված RQ-170 Sentinel անօդաչու սարքը պատկանել է Կենտրոնական հետախուզական վարչությանը, որը գաղտնի առաքելություն իրականացնելիս է եղել:
- Իսկ այդ ընթացքում Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերին մարտական պատրաստականության է բերվել, որը հաստատել են արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները:
- Սիրիացի սահմանապահներն էլ կանխել են Թուրքիայից 35 զինված գրոհայինների ներխուժումը Սիրիայի տարածք:
- ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիակիրը սկսել է շրջագայությունը դեպի Հյուսիսարևելյան Ատլանտիկա և Միջերկրական ծով՝ նպատակ ունենալով մտնել նաև սիրիական Տարտուս նավահանգիստը: Իր հերթին Դամասկոսը հավանություն է տալիս ռուս զինվորականների զորավարժությունների մասին վարկածին՝ նշելով, որ դա կապված չէ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի հետ: