Տաջիկստանի ռուսաստանյան բազայում անցկացվել են հակաահաբեկչական վարժանքներ

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողները զորավարժության ընթացքում պայմանական դիվերսանտներից ռազմական օբյեկտներ են ազատագրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը։

Նշվում է, որ հակաահաբեկչական ստորաբաժանումները ահազանգ լսելուն պես ամենասեղմ ժամկետում շրջափակել են զավթված կառույցը և ոչնչացրել են «ահաբեկիչներին»։ Զինծառայողները նաև մշակել են հակառակորդի ԱԹՍ–ներին հակազդելու գործողություններ։

ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանագրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։

Նշենք, որ Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Հուլիսի 31-ին, ինչպես փոխանցում է տաջիկական Avesta գործակալությունը, հղում անելով երկրի ՆԳՆ–ի վրա, զինյալների մի խումբ երկրում հարձակվել էր տուրիստներ տեղափոխող ավտոմեքենայի վրա և սպանել 4 հոգու։

Հարցաքննության ժամանակ հանցավոր խմբի ղեկավար Աբդումասադովը հայտնել է, որ 2014–2015թթ դիվերսիոն և գաղափարական պատարաստություն է անցել Իրանի Իսլամական հանրապետությունում։ Այնուհետև համալրել 1 «Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցություն» ծայրահեղական կազմակերպության շարքերը, որը Տաջիկստանը ճանաչում է ահաբեկչական։

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *