Ֆ–35-երի ծրագիրը բազմակողմ է, ԱՄՆ–ն միայնակ չի կարող որոշում ընդունել․ Էրդողանի մամուլի խոսնակ

Հուլիսի 31–ին Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին, հայտարարել է, որ F-35 կործանիչների ծրագիրը երկկողմ չէ, և ԱՄՆ–ն չի կարող ինքնուրույն որոշել, որ դրանք չեն մատակարարվելու, իսկ պատժամիջոցների դեպքում Թուրքիան կդիմի իրավական քայլերի։

Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի պաշտոնական կայքը։

Քալընը հայտարարել է, որ F-35–երի ծրագիրը միայն ԱՄՆ–ինը չէ, այլ միջազգային բազմակողմ ծրագիր է, որում ներգրավված է 10-12 երկիր։

«…Թուրքիան էլ այս ծրագրի մասնակից երկրների շարքում է։  Մենք մինչև հիմա այս ծրագրի շրջանակներում վճարել ենք 900 մլն դոլար։ Ինչպես գիտեք, առաջին Ֆ–35-երը այնտեղ [ԱՄՆ–ում–Ռազմինֆո խմբ․] արդեն հանձնվել են թուրք օդաչուներին, նրանց մարզումները հիմա էլ շարունակվում են…Թուրքիան կարող է դիմել իրավական ճանապարհին՝ դատարանին, քանի որ կան կնքված պայմանագրեր…»,— ասել է Քալընը։

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Էրդողանի և Թրամփի, կամ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հանդիպումներ սպասվում են, թե ոչ, Քալընը պատասխանել է, որ դեռևս հեռախոսազրույցներ են միայն, հանդիպման մասին հստակ տեղեկություններ չկան։

Ասուլիսի ժամանակ հարցեր են եղել նաև ԱՄՆ քաղաքացի, հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի մասին․

«Էնդրյու Բրանսոնի հարցով դատական գործը բոլորը պետք է հարգեն։ Ուզում եմ նշել, որ դա դատական գործընթաց է և պարզ է, որ դրսից «այս կամ այն արեք» բնույթի հրամաններ պետք է չլինեն»,– հայտարարել է Քալընը։

Նշենք, որ երեկ թուրքական Cumhuriyet թերթը հայտնում էր, որ դատարանը մերժել է քահանային երկրից դուրս գալու արգելքը հանելու համար ներկայացված դիմումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Էրդողանը հրավիրել էր նախագահական կառավարմանն անցնելուց հետո անվտագության խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ էլ հայտարարել էր, որ ԱՄՆ որոշումները այնպիսի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին, որ դրանք փոխհատուցելը անհնար կլինի։

Իսկ հուլիսի 29-ին էլ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառի, ապա Թուրքիան կդիմի միջազգային արբիտրաժային դատարան, իսկ հոգևորական Էնդրյու Բրանսոնը շարունակելու է ձերբակալված մնալ Թուրքիայում։

Թուրիքայի նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Էդուարդ Ազադյան։

Թուրիքայի նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Էդուարդ Ազադյան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *