Ռազմինֆոն շարունակում է ուսումնասիրել նախորդ տարիներին ադրբեջանցի հատուկջոկատայինների ձախողված գործողությունները և գտնել նոր մանրամասներ:
Բացատրենք, թե ինչու ենք համարում, որ ներկայացված տվյալները վկայում են ադրբեջանցիների ձախողված գործողությունների մասին.
- Նախ՝ ինչպես նշել էինք նախորդ վերլուծությունում, Ադրբեջանի հատուկ նշանակության առանձին բրիգադը (այսպես կոչված՝ «Յաշման») Սումգայիթի մոտ է, այսինքն առաջնագծից մոտ 200 կմ հեռու;
- Երկրորդը՝ այդ բրիգադի մարտիկների ներկայությունը առաջնագծի միջդիրքային տարածությունում տրամաբանական է, եթե ա) հայկական կողմի գործողություն է ակնկալվում; բ) պատերազմական դրություն է; գ) ադրբեջանական հատուկջոկատայինները հայկական կողմի դեմ գործողություն են իրականացնում (դիվերսիոն կամ հետախուզական)։
Սովորաբար ձախողված դիվերսիաների մասին մանրամասներ հնարավոր է լինում գտնել տարիներ անց: Այդ գործողությունների ընթացքում վիրավորված ու զորացրված զինծառայողների մասին ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ վերցնում:
Համադրելով վիրավոր հատուկջոկատայինների մասին այդ նյութերի տվյալները Հայաստանի և Ադրբեջանի՝ նույն օրերին հրապարակվող պաշտոնական տվյալների հետ, փորձում ենք ստանալ միջադեպերի ամբողջական պատկերը: Ուսումնասիրում ենք նաև հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները ՄԱԿ-ին:
06 ապրիլի, 2015թ., Ֆիզուլի
Ադրբեջանում հայտնի վիրավոր հատուկջոկատայիններից է ենթասպա Էշգին Սեյֆեդդին օղլու Հուսեյնովը (Eşqin Seyfəddin oğlu Hüseynov)։ Սոցցանցերում մի քանի գրառումների և մամուլում տարբեր հարցազրույցների տվյալներով նա վիրավորվել է Ֆիզուլու ուղղությամբ 2015թ. ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը: Իր պնդմամբ՝ «կանխելով հայկական կողմի հարձակումը», պայթել է ականի վրա, կորցրել աջ ոտքն ու աջ ձեռքի երկու մատը:
Ադրբեջանի ՊՆ-ն 2015թ. ապրիլի 5–7 չի հայտնել ո՛չ «հայկական կողմի հարձակման», ո՛չ էլ վիրավոր զինծառայողի մասին:
Հայկական կողմը ևս որևէ տեղեկություն չի հայտնել ապրիլի 6-ի հարձակման մասին:
Հետաքրքիր է, որ մինչ ապրիլի 5-ն էլ Ֆիզուլու հատվածում եղել է որոշակի լարվածություն.
1. Դեռ մինչև հատուկջոկատային Հուսեյնովի վիրավորվելը՝ ապրիլի 3-ին, Արցախի ՊԲ-ն հայտնել էր հարավային ուղղությամբ (Ֆիզուլի, Ջաբրայիլ) ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի մասին, որը կանխվել էր։
Ադրբեջանի ՊՆ հերքեց հարձակման մասին լուրերը, նշելով. «Հայաստանը փորձում է ադրբեջանցիներին վերագրել այն դեպքերը, երբ ՀՀ զինված ուժերում Հայաստանում բնակվող և արցախահայ զինծառայողների միջև վեճերի հետևանքով վիրավորներ ու զոհեր են լինում»:
2․ Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում ապրիլի 3-ի վերաբերյալ նշվում է, որ Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել դիպուկահարի կրակոցից.
3. Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում Ֆիզուլու ուղղությամբ դիպուկահարի կրակոցից նաև հաջորդ օրը՝ ապրիլի 4–ին վիրավորված ևս մեկ զինծառայողի մասին է խոսվում.
4. ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում նշվում է, որ ապրիլի 5-ի ուշ երեկոյան, առաջնագծի՝ Ֆիզուլու հատվածում, 82մմ-անոց ականանետի ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող, սակայն խոսքը հենց ականանետի կրակոցի մասին է, այլ ոչ թե ականի վրա պայթելուց վիրավորվելու մասին։
Ապրիլի 5-ի երեկոյան վիրավորված երկու զինծառայողի մասին ադրբեջանական լրատվամիջոցները ևս չեն հայտնել:
Ամեն դեպքում, ԱԳՆ տվյալներում չկա ապրիլի 5, 6 կամ 7-ին ականի վրա պայթյունից վիրավորված զինծառայողի մասին որևէ տվյալ։
Եթե համադրենք ստացված բոլոր տվյալները կստացվի.
-
- Ըստ Արցախի ՊԲ տվյալների՝ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը փորձել է դիվերսիա իրականացնել,
- Ադրբեջանի ՊՆ հերքել է ՊԲ հայտնած տեղեկությունը,
- Ըստ Ադրբեջանի ԱԳՆ զեկույցների՝ ապրիլի 3-ին Ֆիզուլու ուղղությամբ դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող,
- Ըստ նույն զեկույցների՝ հաջորդ օրը, ապրիլի 4–ին, Ֆիզուլու ուղղությամբ ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել,
- Ապրիլի 5-ի երեկոյան Ֆիզուլու ուղղությամբ ականանետի կրակոցից վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող,
- Արդեն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը (ինչպես հարցազրույցում հայտնում է նախկին հատուկջոկատայինն իր մասին) վիրավորվում է Հուսեյնովը՝ «հայկական կողմի հարձակման ժամանակ» ականի վրա պայթելով,
- Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հայտնել ապրիլի 5-ի լույս 6-ի հարձակման մասին,
Ինչ հաջողվեց պարզել. Այս տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ 2015թ. ապրիլի 2-ի լույս 3-ի և ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերները ադրբեջանական կողմը փորձել է առնվազն երկու գործողություն իրականացրել։ Առաջինի մասին է վկայում ՊԲ հայտարարությունը, Ադրբեջանի կողմից ոչ այնքան հստակ հերքումը, ինչպես նաև նույն ուղղությամբ Ադրբեջանի վիրավոր զինծառայողի մասին տեղեկությունը։ Մյուս դեպքում որպես հիմք կարող ենք ընդունել ապրիլի 5-ի 2 վիրավոր ադրբեջանցու մասին տվյալը և վիրավոր հատուկջոկատայինի պատմությունը:
Ցանկացած դեպքում, կա միջդիրքային տարածքում ականի պայթյունից հատուկջոկատայինի վիրավորման մասին տեղեկություն, ինչը նշանակում է, որ հենց ադրբեջանցի հատուկջոկատայինն է դուրս եկել իր պաշտպանական դիրքերից։