Մի-17Վ5-երի մատակարարման շուրջ ռուս–հնդկական բանակցությունները ավարտական փուլում են. Jane’s

48 միավոր Մի–17Վ5 բեռնատար-բազմանպատակային ուղղաթիռների ձեռքբերման շուրջ ռուս–հնդկական բանակցությունները վերջնական փուլում են։ Ուղղաթիռներից 38–ը համալրելու է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը, իսկ 10–ը՝ ՆԳՆ–ն: Գործարքը գնահատվում է 1.1 մլրդ դոլար։

Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը։

Ըստ աղբյուրի՝ 48 Մի–17Վ5 ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի հոկտեմբերին՝ երկրների ղեկավարների ամենամյա հանդիպման ժամանակ։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս 2015–ին հաստատել էր 48 միավոր Մի–17Վ5 ուղղաթիռների ձեռբերումը, սակայն գնային անհամաձայնության պատճառով բանակցությունները ձգձգվում  էին։

2017-ի գարնանը «Ռոստեխ» պետական կորպորացիայի ներկայացուցիչը հայտարարել էր , որ «այս տարի» Ռուսաստանը Հնդկաստանի հետ կստորագրի 48 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռի մատակարարման պայմանագիր։

2018-ի ապրիլին  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը հայտարարել էր, որ այս ուղղաթիռների պայմանագիրը ամբողջությամբ համաձայնեցված է։

Հնդկաստանի ՌՕՈւ Մի-17Բ5 բեռնատար և բազանպատակային ուղղաթիռները

Հնդկաստանի ՌՕՈւ Մի-17Վ5 բեռնատար և բազանպատակային ուղղաթիռները

2008–2016թթ Հնդկաստանը 2,864 մլրդ դոլլարով գնել է 151 Մի–17Բ–5 ուղղաթիռ, որոնցից 139–ը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար, իսկ մնացած 12–ը՝ Ներքին գործերի նախարարության և սահմանապահ ուժերի։

«Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը՝  գրում է՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կիրառած սանկցիաները կարող են բացասաբար ազդել պայմանագրի վրա, թեև հնդկական կողմը հայտարարել է, որ կարող է շրջանցել էմբարգոն։

Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ԱԳՆ և ՊՆ ղեկավարները սեպտեմբերի 6–ին նախատեսում են հանդիպել Նյու Դելիում, որի ընթացքում թերևս կքննարկվի նաև այս հարցը։

Հեղինակ՝ Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *