Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. հունիսի 10-16

Կորուստներ՝ 1 զոհ, 1 վիրավոր: Բողոքում է ծեծի ենթարկված զինվորի հայրը: Ադրբեջանի «Բուռատինո»-ի, «Մստա-Ս»-ի, «Տ-90»-ի, «ԲՄՊ-3»-ի լուսանկարները: ԱՊԱ-ն մեկնաբանում է Ռազմ.ինֆո-ի նյութը: Ադրբեջանի ԶՈւ-ն պատրաստվում է ԱՄՆ ու ՆԱՏՕ համատեղ սեմինարների: Սաֆար Աբիևն ընդունել է Աֆղանստանի դեսպանին: Ընդդիմադիր պատգամավորը քննադատում է ՊՆ-ին:

1.Հունիսի 9-ին գիշերը Ադրբեջանում՝ Եվլախ-Աղդամ մայրուղու 9-րդ կիլոմետրում, խոշոր ավտովթարի պատճառով վիրավորվել ու Եվլախի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել Ադրբեջանի ԶՈւ սերժանտ Ռաշադ Հասիմովը:
Հունիսի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց, որ ենթասպա Աբդուլաև Էլշան Մոհուբբաթ օղլուն (ծնվ. 1991 թ.) քաղցկեղից մահացել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալում։

Ադրբեջանում ծեծի ենթարկված շարքային Ջեյհուն Բայրամովի հայրը հունիսի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն և զինդատախազությունը կոծկում են մայիսի 25-ի ծեծի դեպքն ու առանց հիմնավորումների հետաձգում հետաքննությունը, որպեսզի միջադեպում մեղավոր զինվորները հուլիսին զորացրվեն ու քրեական գործը փակվի:

Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին՝ ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 44 զոհ, 36 վիրավոր:

2. Համացանցում հայտնվել են Բաքվի՝ հունիսի 26-ի զորահանդեսին ցուցադրվելիք տեխնիկայի նկարներ: Լուսանկարներում երևում են «Բուռատինո» ծանր հրանետեր, «Մստա-Ս» հրետանային համակարգեր, «Տ-90» տանկեր, «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաներ։ Նկարների մի մասն արված է Ռուսաստանում բեռնման ժամանակ (ենթադրաբար` Աստրախանում), մյուսները, ամենայն հավանականությամբ, արդեն Ադրբեջանում։

«ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենան։

«ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենան։

3.Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, մեկնաբանելով Ռազմինֆոյի թիմի՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկի այցի վերաբերյալ հրապարակումը, գրում է՝ ՀՀ ԶՈւ-ն արդեն իսկ սպառազինված է ֆրանսիական արտադրության PGM.338, անգլիական արտադրության «Accuracy International Arctic Warfare» և հարավաֆրիկյան Truvelo (Տրուվելո, 12,7 մմ տրամաչափ) դիպուկահար հրացաններով։

4.Հունիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի ԶՈւ-ն պատրաստվում է մի շարք միջազգային միջոցառում-սեմինարների մասնակցել՝ Ադրբեջան-ՆԱՏՕ և Ադրբեջան-ԱՄՆ համագործակցության շրջանակներում:

5.Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հունիսի 12-ին ընդունել է Աֆղանստանի դեսպանին՝ ռազմաքաղաքական ոլորտում երկկողմ համագործակցությունը քննարկելու նպատակով:

6.Հունիսի 13-ին Միլլի Մեջլիսի նիստի ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խստորեն քննադատել է երկրի պաշտպանության նախարարությանը՝ խոսելով «ազգային կադրերի» անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *