Թշնամին ետ է քաշել հիմնական կուտակումները, լարվածության աճ կանխատեսվում է աշնանը․ ՊԲ հրամանատար

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց վերջին ամիսներին սահմանին տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ սահմանին ցանկացած փոքր միջադեպ կարող է վերաճել լայնամասշտաբ գործողությունների, իրենք «հնարավոր աճը» կանխատեսում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որը կարող է նաև չլինել։

ՊԲ հրամանատարի մեկնաբանությունը սահմանին իրավիճակի և զարգացումների վերաբերյալ ներկայացնում ենք ստորև․

«Այս տարի ևս շարունակվել են Ադրբեջանի ռազամքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները, բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, նման վերջին հայտարարությունը արվել է հունիս ամսին՝ Ադրբեջանի ԶՈւ 100 ամյակին նվիրված օրվա առթիվ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև դրսից հրավիրվածներ, դա արվել է ոչ միայն ներքին լսարանի համար, այլև բացեիբաց միջազգային հանրության առջև։

Այս տարվա մարտ ամսից ակտիվացվել են մարտական պատրաստության վերաբերող բոլոր միջոցառումները, հատկապես առաջնագծին մոտակա խորքում նկատելի են դարձել զրահատանկային, տանկային բոլոր զորամասերի ընդգրկմամբ զորավարժությունները, նաև այլ զորատեսակների առանձին զորավարժություններ։

Մենք վերահսկել ենք բոլոր զորավարժությունները, դրանք որոշ ուղղություններով տեսանելի են եղել նաև տեսախցիկներով, հետախուզական միջոցներով։ Համապատասխան եզրակացումներ և ցուցումներ եղել են։ Այս կիսամյակի ընթացքում ակտիվ աշխատել են հակառակորդի հետախուզական միջոցները, այդ թվում անօդաչու թռչող սարքերի և ցամաքային հետախուզության միջոցները։ Բոլոր ուղություններով աշխատել են, որ տվյալներ հայթայթեն մեր առաջնային գծի կահավորման, զորքերի տեղակայման, ընդահանուր գործունեության վերաբերյալ։

Ավելի հաճախակի է դարձել հակառակորդի մարտավարական, բանակային ավիացիայի թռիչքները, ի տարբերություն նախորդ տարիների։

Թափ են ստացել առաջնային գծի և մոտակա խորքի ինժեներական կահավորման և ապահովման աշխատանքները։

Եթե գնահատելու լինենք զուտ հրադադարի ռեժիմով,  նախորդ տարիների համեմատ ունենք կտրուկ նվազում բոլոր ուղղություններով, այսօր կարելի է ասել, որ խախտումները միայն հրաձգային զինատեսակներից են, երեկվա [հուլիսի 23-ի] տվյալներով 35 դեպքով կրակվել է ընդամենը մինչև 200 փամփուշտ։ Դրանից առաջ ավելի քիչ է եղել, երեկ չէ առաջին օրն է մի քիչ աճ եղել, երեկ արդեն նորից նվազել է։

Ընդհանուր վերլուծելով իրադրությունը՝ կարող ենք գալ այն եզրակացությանը, որ առաջնային գծում իրադրությունը կարելի է գնահատել որպես կայուն հանգիստ, բայց լի հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայն, լայնամասշտաբ գործողությունների։

Այժմ իրականացվում են իրենց ինտենսիվ պատրաստությունից հետո սպասարկման աշխատանքները։

Հնարավոր աճը, ըստ մեր կանխատեսման, հնարավոր է լինի սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսներին։

Հնարավոր է նաև չլինի։  Ընդհանուր  իրավիճակը կարելի է գնահատել որպես կայուն, բայց իր մեջ լարվածության միտումներով, որովհետև նման հանգիստ վիճակ երբեք չի եղել։ Եվ իհարկե դա իր մեջ ինչ-որ բան պարունակում է, և մեր եզրակացությւոններում հաշվի ենք առնում նաև դա։

Ի՞նչ է անում մեր Պաշտպանության բանակը։

Իհարկե բոլոր գործողությունները վերահսկելով, մենք շարունակում ենք մեր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով՝ շեշտը դնելով հակառակորդի հետագա գործողությունների բացահայտմանը, ավելի մանրակրկիտ վերլուծմանը և ըստ այդմ էլ առաջնահերթություններ տալով։ Այսօր մեզ համար առաջնահերթություն են առաջնագծի բոլոր աշխատանքները, առաջին հերթին ինժեներական առումով, այդ բոլոր համակարգերի տեղադրման, կառավարման և հետախուզման և տեսադիտարկման, խտություններն են ավելացել, խորություններն են ավելի շատ մեծացել, այդ թվում նաև սահմանափակ պայմաններում  հետախուզության հնարավորություններն է ավելացվել, ավելացվել է սպառազինության և զինտեխնիկայի զինանոցը, հնարավորությունների և հզորության աճ ունենք վերջին ամիսների ընթացքում։

Վերլուծելով հակառակորդի զորավարժությունները՝ որոշ փոփոխություններ են մտցվել նաև մեր զորքերի պատրաստության ծրագրերում․

հիմնականում շեշտը դրվել է նման գործողություններին դիմակայելու և  անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների դիմելու վրա։ Այդ մասով առաջին ուսումնական փուլում  զորքերը պատրաստվել են, ձեռք են բերել համապատասխան դաշտային վարժվածության աստիճան, ի վիճակի են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։ Աշխատել ենք նաև զինվորական կարգապահության ամրապնդման վրա, բոլոր ուղղություններով կարող է լինի շոշափելի առաջխաղացում։

Կուտակումների մասին խոսքը հիմնականում ապրիլ, մայիս, հունիս ամիսներին է։

Հիմա կարելի է ասել էդ կուտակումներից հիմնականը, որի վրա մենք շեշտը դրել ենք ու պարբերաբար ցուցադրվել է, տեղադրվել է ՊԲ կայքէջում, դրանք հիմա հետ են քաշված։  Այդ շրջանում հիմա զորամաս չկա, կա որոշակի  խմբավորումներ հյուսիսային և հարավային  հատվածում, որին այդքան շատ մեծ ուշադրություն չենք դարձնում, քանի որ նախկինում էլ են եղել նույն տեղում։ Մեր կողմից վերահսկվում է, պարզապես հաշվի առնելով տարվա սկզբից իրենց ինտենսիվ պարապմունքները, դրանց ընթացքում ընդգրկված զորքը, զինտեխնիկան, հաշվի առնելով  ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, մեր եզրակացությունը հետևյալն է, որ հնարավոր է ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել լայնամասշտաբ գործողությունների, ինչպես եղել է 2017-ի փետրվարին, բայց կանգնեցվել է, ինչպես եղել է 2017-ի օգոստոսին, մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին, լինի լոկալ, տեղային, թե լինի լայնամասշտաբ։

Մենք մեր բոլոր գործողությունները անում ենք հաշվի առնելով դա,  և դրանք կանխելու և պատասխան գործողություններ տալու համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *