Թուրքմենստանը հզորացնում է ռազմական նավատորմը

Ավելի քան մեկ շաբաթ է՝ ադրբեջանական կայքերը, սեփական փակ աղբյուրներին հղելով, գրում էին Թուրքմենստանի՝ նոր ռազմանավեր ձեռքբերելու մասին:

Հունիսի 6-ին թուրք լրագրող Ջեմ Դևրիմ Յայլալին, մեջբերելով 1980-ից գործող թուրքական Dearsan ընկերության ներկայացուցչի հետ իր զրույցը Ստամբուլի IDEF-2013 ռազմական ցուցահանդեսին, Եվրասիանեթ կայքին հայտնել է, որ Թուրքմենստանը Dearsan-ից գնում է 8 ռազմանավ: Դեռևս անհայտ են թուրքմենական պատվերի կատարման ժամկետները, ինչպես նաև գնվող ռազմանավերի տիպը, սակայն Ջեմ Յայլալի կարծիքով՝ դրանք YTBK տիպի պարեկանավեր են լինելու, որոնցից 2 հատ Թուրքմենստանն արդեն գնել էր 2011 թվականին։ YTBK տիպի պարեկանավերը զինված են 40մմ հրանոթով, 2 հատ 12,7մմ հեռակառավարման հնարավորություն ունեցող գնդացրով, հակասուզանավային հրթիռներով և խորքային ռումբերով։

YTBK թուրքական պարեկանավ

YTBK թուրքական պարեկանավ

Ավելի վաղ անկախ լրագրող Ջորշուա Կուչերան փորձել էր Dearsan ընկերությունից ճշտել ստացված լուրը. նրա հարցմանը չեն պատասխանել, ինչպես և չէին պատասխանել այլ երկրներից ստացված պատվերների վերաբերյալ հարցումներին, իսկ հունիսի 6-ին Թուրքմենստանի ռազմական նավերի ձեռքբերմանը վերաբերող հրապարակումներ էին հայտնվել թուրքական Բոսֆորյան նավատորմի կայքում և թուրքմենական լրատվամիջոցներում:

Այնուհանդերձ, պետք է նշենք, որ 8 ռազմանավի գնման լուրը կարելի է ընկալել որպես նախնական տեղեկություն, և միայն որոշ ժամանակ անց պարզ կդառնա՝ որքան կարժենա գործարքն ու ինչ ժամկետներում կիրականացվի: Ամեն դեպքում, թեև տեղեկությունների կցկտուր լինելուն, հաշվի առնելով, որ Թուրքմենստանը YTBK տիպի 2 նավ արդեն ձեռք էր բերել, այս տեղեկության հավաստի լինելու հավանականությունը մեծ է։ Նշենք, որ նախորդ գործարքի արժեքը, ըստ տարբեր տվյալների` 55 կամ 120 մլն եվրո էր, բայց և´ Թուրքմենստանը, և´ Dearsan-ը զերծ էին մնացել պաշտոնական հայտարարություններից։

2012-ի դեկտեմբերին թուրքմենական կայքերը գրել էին, որ Dearsan-ը Թուրքմենստանի՝ ծովային ու գետային տրանսպորտի պետական ծառայության համար կկառուցի 4 նավաքարշ նավեր։

Հավելենք, որ Թուրքմենստանը ծրագրել էր ուժեղացնել իր նավատորմը 2008-ից:

2008-ին Թուրքմենստանը շուրջ 200 մլն դոլար արժողության պայմանագիր էր ստորագրել «Միջին-Նևյան նավաշինական գրոծարան» ՍՊԸ-ի հետ՝ 12418 նախագծի 2 «Մոլնիյա» հրթիռային կատերներ արտադրության համար, որոնք հանձնվել են թուրքմենական նավատորմին. առաջինը 2011-ի հունիսին, երկրորդը` նույն տարվա հոկտեմբերին։

2009-ին Թուրքմենստանի ղեկավարությունը որոշում էր ընդունել փոքր, սակայն հարձակողական ու պաշտպանողական ներուժով նավատորմ, նոր ժամանակակից ռազմածովային բազա և Կասպից ծովի թուրքմենական ափին կայանատեղիներ ստեղծելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահի խոսքերով՝ այս ամենն իրականացրած կլինեն 2015-ին։

2009-ին Թուրքմենստանը զուգահեռաբար զարգացնում էր իր պարեկային նավատորմը՝ տարվա վերջին ձեռքբերելով «Սոբոլ» (12,200 նախագիծ) տիպի պարեկային նավեր, որոնք իրենց դասի մեջ լավագույններից մեկն են։

Ռազմական նավատորմի զինումն ինքնանպատակ չէ. Թուրքմենստանը Կասպյան 5 երկրներից մեկն է, որոնք մինչ օրս համաձայնության չեն եկել ծովային սահմանազատման շուրջ: Ավելին, Թուրքմենստանը պնդում է, որ իրեն պատկանող նավթագազային «Սերդեր», «Օսման» և «Օմար» հանքավայրերն անօրինական զավթվել ու շահագործվում են Ադրբեջանի կողմից՝ հայտարարելով, որ հարցի լուծման համար դիմելու է ՄԱԿ միջազգային դատարան:

Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացան նաև այն բանից հետո, երբ 2012-ի հունիսին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել թուրքմեն գիտնականների հետազոտություններ անել Կասպից ծովում, իսկ նույն տարվա հուլիսի 24-ին ձերբակալել էին թուրքմենական ձկնորսական մի նավ:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ 8 ռազմանավերի ձեռքբերման նորությունը մեկնաբանելիս ադրբեջանական մի շարք կայքեր գրում են՝ Թուրքմենստանը լուրջ մրցակից է դառնում Ադրբեջանի ու Իրանի համար Կասպից ծովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *