Ադրբեջանական ռազմական սպառնալիքի հարցի շուրջ

Վերջին մեկուկես տասնամյակում Ադրբեջանի ներդրումներն իր զինված ուժերում այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ անհրաժեշտ է վերանայել ադրբեջանական սպառնալիքի վերաբերյալ պատկերացումները և այդ սպառնալիքը չեզոքացնելու նոր մոտեցումներ որդեգրել։

Razm.info-ն իր վերլուծական հոդվածներում պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերում ընթացող փոփոխություններին[1] և նկատվող միտումներին։ Կարծում ենք, որ ժամանակն է նաև ամփոփ անդրադառնալ ստեղծված նոր սպառնալիքներին, ինչպես նաև դրանք չեզոքացնելու ուղիներին։

Ներածություն

Ադրբեջանի ներդրումներն իր զինված ուժերում, բնականաբար, կապված են նավթադոլլարների հոսքի հետ։ Դրանք ընդգրկում են վերջին 16 տարին[2], իսկ ավարտուն, նշմարվող տեսք ստացել են Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման ընթացքում։ Ուշագրավ է, որ վերջինիս օրոք բանակաշինությունն Ադրբեջանում ոչ միայն ընդգրկել է սպառազինության համալրումը, այլև ռազմական ու մասամբ նաև քաղաքացիական ենթակառուցվածքների զարգացումը։

Մենք Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտներին նվիրված մեր նոր շարքում արդեն անդրադարձել ենք մի քանի զորամասերի և դրանց ծանոթ ընթերցողները հավանաբար ուշադրություն դարձրել են, որ այդ զորամասերը կառուցվել կամ վերակառուցվել սկսել են 2014-2015թթ․[3]։ Առաջ անցնելով նշենք, որ դա օրինաչափ է ոչ միայն արդեն իսկ քննարկված զորամասերի, այլև բազմաթիվ այլ զորամասերի դեպքում, որոնց դեռ կանդրադառնանք ապագայում։ Ընդ որում՝ օրինակ առաջնագծային զորամասերի ստորաբաժանումները մասամբ ապակենտրոնացվել են, այդպիսով նվազեցնելով հայկական կանխարգելիչ հարվածից տուժելու հավանականությունը։

Բավականին մեծ ծավալներով ներդրումներ են արվել նաև տրանսպորտային ցանցի զարգացման ուղղությամբ (որն առանց այդ էլ բավականին զարգացած էր)․ նորոգվել ու բարեկարգվել են ճանապարհներ, կամուրջներ, կառուցվել են նորերը։

Իրականում այս թեման բավականին ծավալուն է և քիչ թե շատ լիարժեք լուսաբանման համար առանձին հոդվածաշարի կարիք կա։ Ուստի այս հոդվածում մենք միայն հպանցիկ ու հնարավորինս սեղմ կանդրադառնանք առավել ադրբեջանական ռազմական սպառնալիքի որոշ անկյունաքարային հարցերի։

Սպառազինություն
Այստեղ մենք չենք անդրադառնա, թե կոնկրետ որ երկրներից և ինչ զենք է վերջին 16 տարում գնել Ադրբեջանը։ Փոխարենը ցույց կտանք, թե քանակական և որակական ինչ փոփոխություններ են գրանցվել ադրբեջանական բանակի զինանոցում։

2002թ․ դրությամբ Ադրբեջանն իր բոլոր ուժային կառույցներում ունեցել է տարբեր տիպի 101 միավոր զրահափոխադրիչ, 305 միավոր հետևակի մարտական մեքենա, 220 միավոր տանկ։ Վերջին 16 տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել 426 միավոր զրահափոխադրիչ (ներառյալ տեղում հավաքվող Matador և Marauder մեքենաները), 120 հետևակի մարտական մեքենա, 364 տանկ։ Նշենք, որ 2002թ․ Ադրբեջանի տանկերից մոտ 100-ը Տ-54/Տ-55 են եղել, որոնք ներկայումս առավելապես հանված են սպառազինությունից, ուստի մեր հաշվարկներում մենք որպես ելակետ կընդունենք 120 միավոր Տ-72 տանկերը։

Աղյուսակ 1։ Զրահատեխնիկայի ընդհանուր քանակն Ադրբեջանի ուժային կառույցներում։

Սպառազինությունը 2002թ․ Գնումները 2002-2018թթ․ Սպառազինությունը 2018թ․ Տարբերությունը
Զ/Փ 101 426 527 x5.2
ՀՄՄ 305 120 425 x1.4
Տանկ 120 364 484 x4

Էլ ավելի հետաքրքիր է հրետանու վերազինումը։ 2002թ․ դրությամբ Ադրբեջանի սպառազինությունում եղել է 144 միավոր քարշակվող, 38 միավոր ինքագնաց հրետանային համակարգ և 53 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ 2002-2018թթ․ ընթացքում Ադրբեջանը գնել է առնվազն 283 միավոր քարշակվող, առնվազն 154 միավոր ինքնագնաց հրետանային համակարգ և առնվազն 153 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (այդ թվում՝ խոշոր տրամաչափի)։ Այս գնահատականները մոտավոր են։ Ադրբեջանը 2014-2016թթ․ ընթացքում Թուրքիայից և Ռուսաստանից գնել է նաև ընդհանուր 302 միավոր հրետանային միջոցներ, որոնց տեսակը սակայն հայտնի չէ․ դրանք կարող են լինել և ականանետներ, և քարշակվող ու ինքնագնաց հրանոթներ, և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև անհայտ քանակով 120մմ ականանետներ՝ մոնտաժված SandCat մեքենաների վրա, որոնք այդպիսով վերածվել են ինքնագնաց հրետանային համակարգերի։

Էական են եղել նաև 82մմ ու 120մմ ականանետների գնումները, որոնք կազմել են մոտ 544 միավոր։ Ցավոք դժվար է գնահատել, թե քանի ականանետ է եղել Ադրբեջանի զինանոցում 2002թ․։

Այնուամենայնիվ այս թերի տվյալներն էլ որոշակի եզրակացությունների համար հիմք տալիս են։

Աղյուսակ 2։ Հրետանու քանակն Ադրբեջանի բանակում։

Սպառազինությունը 2002թ․ Գնումները 2002-2018թթ․ Սպառազինությունը 2018թ․ Տարբերությունը
Քարշակվող 144 283 427 x3
Ինքնագնաց 38 154 192 x5.1
ՀԿՌՀ 53 153 206 x3.9

Ինչպես երևում է աղյուսակից, առավել մեծ քանակով աճել է ինքնագնաց հրետանու քանակը։ Կարևոր է նաև զինանոցում տարբեր տեսակի հրետանային միջոցների «տեսակարար կշռի» փոփոխությունը։

Նկար 1։ Ադրբեջանական հրետանին ըստ տեսակների 2002թ․։

Նկար 2։ Ադրբեջանական հրետանին ըստ տեսակների 2018թ․։

Ինչպես երևում է բերված դիագրամներից, եթե մոբիլ հրետանին (ինքնագնաց և ՀԿՌՀ) 2002թ․ կազմում էր Ադրբեջանի հրետանային զինանոցի ընդամենը 38.72%-ը, ապա 2018թ․ այն արդեն կազմում է մոտ 48.44%-ը, այսինքն՝ գրեթե կեսը։

Համեմատության համար բերենք նաև մեր մոտավոր գնահատականները հայկական բանակի հրետանու վերաբերյալ։ Դիագրամից երևում է, որ մոբիլ հրետանին մեր բանակի զինանոցի ընդամենը 26.79%-ն է կազմում։

Նկար 3։ Հայկական հրետանին ըստ տեսակների։

Մաստշաբային է եղել նաև ադրբեջանական օդուժի վերազինումը։ Ընդ որում այստեղ խոսքը գործնականում ամբողջական վերազինման մասին է։ 2002թ․ դրությամբ Ադրբեջանի օդուժը զինված էր բավականին խայտաբղետ և Ադրբեջանի խնդիրներին չհամապատասխանող մեքենաներով, որոնցից առավել մեծաքանակը ՄիԳ-25 կալանիչ-կործանիչներն էին (շուրջ 50 միավոր)։ Ներկայումս Ադրբեջանն արդեն ունի հավասարակշռված և այդ երկրի խնդիրներին համապատասխանող ռազմական ավիացիա, իսկ ոչ պետքական տեխնիկան գրեթե ամբողջությամբ հանված է սպառազինությունից։ Ադրբեջանի ռազմական ավիացիայի զարգացման մասին առավել մանրամասն մենք անդրադարձել ենք «Ադրբեջանի ռազմական ավիացիայի պարկը» հոդվածում[4]։ Իսկ այստեղ կնշենք միայն որոշ թվային տվյալներ հիմնական ավիատեխնիկայի համար։

Աղյուսակ 3։ Ավիատեխնիկայի ընդհանուր քանակն Ադրբեջանի ուժային կառույցներում։

Ավիատեխնիկա Քանակը 2002թ․ Քանակը 2018թ.
Մի-8/17 13 78
Մի-24/35 15 50
Սու-25 2 39
ՄիԳ-29 0 15

Թարմացվել են նաև ՀՕՊ միջոցները, արդիականացվել են սպառազինությունում եղած Ս-125 (թվով 108 միավոր) և Օսա-ԱԿ զենիթահրթիռային համակարգերը (թվով 36 միավոր)։ Արդիականացումից բացի արդբեջանական ՀՕՊ-ը համալրվել է նաև նոր գնված տեխնիկայով (ընդհանուր առնվազն 72 միավոր), ընդ որում՝ դրանք բոլորը շարժական համակարգեր են՝ Տ-38 «Ստիլետ»[5], Բուկ-Մ1[6], Ս-300ՊՄՈՒ2 «Ֆավորիտ», Barak-8[7]։

Զգալի քանակ են կազմում նաև ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայի գնումները։ Միայն տարբեր տիպի զրահապատ և ամենագնաց ավտոմեքենաներ գնվել են առնվազն 300-400 միավոր։ Գնված, ինչպես նաև Ադրբեջանում հավաքված բեռնատար ավտոմեքենաների քանակը հասնում է մինչև մի քանի հազար միավորի։

Հիշատակման է արժանի նաև ԱԹՍ-ների պարկը։ Ադրբեջանի սպառազինությունում կան հետախուզական և հարվածային շուրջ 10 մոդելի ԱԹՍ-ներ՝ հիմնականում իսրայելական արտադրության։ Դրանց քանակի գնահատումը բավականին բարդ է, սակայն փաստ է, որ ԱԹՍ-ները էապես բարելավելու են հետախուզությունը, հրետանային հետախուզությունը, հարվածների ճշգրտությունը և այլն։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը մտադիր է տարեց տարի ընդլայնել ԱԹՍ-ների կիրառության ծավալներն իր ուժային կառույցներում։ Ադրբեջանի սպառազինությունում եղած ԱԹՍ-ներն առավել մանրամասն հետազոտել ենք «Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկը» հոդվածում[8]։

Ենթակառուցվածքներ

Ինչպես նշեցինք ներածականում, Ադրբեջանը էապես բարելավել է նաև իր առանց այդ էլ զարգացած ենթակառուցվածքները։

Ընդլայնվել և նորացվել է օրինակ՝ ավիաբազաների ցանցը։ Փակվել են ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ավելորդ օդանավակայաններ, իսկ փոխարենը կառուցվել են նոր օդանավակայններ և ավիաբազաներ։ Միայն Արցախի սահմանների հարևանությամբ Ադրբեջանը ներկայումս ունի 4 օդանավակայան, որոնք կարող են ծառայել որպես ցատկահարթակ պատերազմի ժամանակ ուղղաթիռների և ԱԹՍ-ների համար։ Այդ օդանավակայաններից մի քանիսը կարող են ընդունել նաև հարվածային ինքնաթիռներ։ Ադրբեջանական ավիաբազաների, դրանց հնարավորությունների, նշանակության, հավանական պատերազմում դերի հարցերը մանրամասն քննվել են մեր «Ադրբեջանի օդանավակայանները» հոդվածում[9]։

Արցախի սահմաններին հարակից ադրբեջանական շրջաններն առավելապես հարթավայրային շրջաններում են։ Դրա շնորհիվ դեռ խորհրդային տարիներից այդ շրջաններն ունեցել են զարգացած կոմունիկացիոն ցանց։ Մերձռազմաճակատային շրջանները Բաքվի հետ կապում են հյուսիսում Բաքու-Գյանջա, իսկ հարավում՝ Բաքու-Հորադիզ երկաթուղիները, Բաքու-Այյաթ-Ղազախ, Բաքու-Այյաթ-Հորադիզ, Բաքու-Շամախա-Եվլախ միջպետական մայուղիները։ Սրանից բացի Արցախի սահմանների հարևանությամբ կա հանրապետական նշանակության ավտոճանապարհների՝ ընդհանուր ավելի քան 550կմ երկարությամբ ցանց։

Ադրբեջանի մերձռազմաճակատային շրջաններն ունեն նաև զարգացած ոռոգման ցանց՝ կազմված ինչպես գետերից, այնպես էլ ջրանցքներից։ Այդ պատճառով նշված շրջաններում մեծ թիվ են կազմում նաև ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջները։ Ընդհանուր առմամբ Կուր, Արաքս, Տրտու (Թարթառ), Կարկառ, Խաչենագետ գետերի, ինչպես նաև Վերին Ղարաբաղյան ջրանցքի վրա կա մոտ 80-90 կամուրջ։ Ի հավելումն դրան, Ադրբեջանը ձեռք է բերել նաև մեծ քանակով մեխանիկական կամուրջներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել գետանցումների համար։

Նշված ճանապարհային ամբողջ ենթակառուցվածքների ներկա վիճակն առանձին հետազոտության կարիք ունի, սակայն ընդհանուր գծերով առանց դրա էլ պարզ է, որ առնվազն առավել կարևոր ճանապարհներն ու կամուրջները նորոգվում և պահվում են բարեկարգ վիճակում։

Ամփոփում

Ինչպես համոզվեցինք, վերջին 16 տարում Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունում ընդգծված մեծ ուշադրություն է դարձվել շարժունակությանը։ Էապես բարձրացվել է ինչպես մոտոհրաձգային բրիգադների, այնպես էլ հրետանու, ՀՕՊ մոբիլությունը։ Արցախի հետ սահմանակից ադրբեջանական շրջաններում կա զարգացած տրանսպորտային ցանց։

Պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի առաջնագծային բրիգադների հիմնական ուժերը տեղակայված են առաջնագծից մոտ 10-20 կմ հեռավորության վրա, իսկ ռեզերվային բրիգադները, ինչպես նաև ներքին զորքերի ու պետական սահմանապահ զորքերի զորամասերը, որոնք նույնպես ռեզերվի դեր են կատարում, գտնվում են առաջնագծից մոտ 25-45կմ հեռավորության վրա։ Անգամ Ադրբեջանի 4-րդ բանակային կորպուսի կազմում գտնվող բրիգադները, որոնք տեղակայված են խորը թիկունքում, մասնավորապես Բաքվի մերձակայքում, ռազմաճակատ կարող են հասցվել բառացիորեն մեկ օրվա ընթացքում։

Սա նշանակում է, որ Ադրբեջանը հնարավորինս նվազագույնի է հասցրել ագրեսիա սկսելու համար անհրաժեշտ ժամանակը՝ կրճատելով այն ընդհուպ մինչև մի քանի ժամի։ Եվ չնայած այն բանի, որ հայկական կողմն Ապրիլյան պատերազմից հետո հագեցրել է Արցախի առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով, սակայն անգամ այդ դեպքում գործնականում անհնար է խուսափել անակնկալ հարձակումից։ Անգամ, եթե թշնամու զորաշարժերը ֆիքսվեն մշտական տեղակայման վայրերը լքելու առաջին իսկ րոպեից, այդ տվյալները վերլուծելու, հարվածի իրական ուղղությունը պարզելու, անհրաժեշտ որոշումներն ընդունելու և կյանքի կոչելու համար պահանջվող ժամանակը շատ ավելին է, քան կպահանջվի ադրբեջանցիներից հարձակումն սկսելու համար։

Ստեղծված իրավիճակում հայկական բանակը պիտի պատրաստ լինի ինչպես առաջինը հարվածել, այնպես էլ թշնամու առաջին հարվածը բաց թողնելու պարագայում արագ չեզոքացնել այդ հարվածի հետևանքները։ Այս կապացկությամբ ուշագրավ և ժամանակին էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ «Ադրբեջանին թույլ չի տրվելու ունենալ էսկալացիայի տեղը, ժամանակը և մասշտաբները որոշելու մոնոպոլ իրավունք»[10]։

Ինչ վերաբերում է հայկական բանակի վերը նշված երկու խնդիրներին, ապա դրանց երկուսի լուծման համար էլ նախ և առաջ անհրաժեշտ է էապես բարձրացնել հայկական բանակի մոբիլությունը, ստեղծել մոբիլիզացիայի ավելի ճկուն և արագագործ համակարգ, մեծացնել ճշգրիտ և հեռահար սպառազինության քանակը զինանոցում։ Զինատեսակների ընտրության հարցում առհասարակ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել այնպիսի զինատեսակների, որոնք ապահովում են ավելի մեծ մարտավարական ճկունություն և մոբիլություն։

Այս առումով առավել առաջնահերթ է ավիացիայի զարգացումը, այդ թվում՝ կործանիչ ավիացիայի, ինչի մասին մանրամասն անդրադարձել ենք «Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան» հոդվածում[11], ինչպես նաև տրանսպորտային ուղղաթիռների քանակի ավելացումը և ինչի ուղղությամբ ըստ ամենայնի աշխատանքներ արդեն տարվում են։

Ցամաքային զորքերի դեպքում մեր կարծիքով առաջնահերթ է զորքերի ընդհանուր շարժունակության բարձրացումը, ինչի համար նախ և առաջ անհրաժեշտ են մեծ թվով նոր բեռնատար մեքենաներ։ Հրատապ ենք համարում նաև հրետանու մոբիլության բարձրացումն այնպես, որ այն գոնե չզիջի ադրբեջանականին, իսկ ցանկալի է, որ նաև գերազանցի։ Մոբիլությունից բացի առաջնային կարևորություն ունեն ճշգրտության և հեռահարության խնդիրները։ Հենց այս երեք սկզբունքները՝ մոբիլություն, ճշգրտություն, հեռահարություն պիտի լինեն հայկական բանակի սպառազինության հետագա զարգացման հիմնական թիրախները։


[1] Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
[2] Ադրբեջանի սպառազինության համալրումը 2002-15 թվականներին, https://razm.info/75283
[3] Ադրբեջանական ռազմաբազաներ շարք, https://razm.info/tag/ադրբեջանական-ռազմաբազաներ
[4] «Ադրբեջանի ռազմական ավիացիայի պարկը», Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
[5] «Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 2 մարտկոց «Ստիլետ» ԶՀՀ. Ադրբեջանից ունի այլ խոշոր պատվեր», https://razm.info/48574
[6] «Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ», https://razm.info/53537
[7] «Ադրբեջանը ցուցադրել է Իսրայելից գնված Barak-8 զենիթահրթիռային համակարգեր», https://razm.info/93896
[8] «Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկը», Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
[9] «Ադրբեջանի օդանավակայանները», Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
[10] «Армения готовится к войне с Азербайджаном — интервью с министром обороны», https://eadaily.com/ru/news/2018/07/22/armeniya-gotovitsya-k-voyne-s-azerbaydzhanom-intervyu-s-ministrom-oborony
[11] «Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան», https://razm.info/127099

2 responses to “Ադրբեջանական ռազմական սպառնալիքի հարցի շուրջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *