Ադրբեջանի 708-րդ մոտոհրաձգային բրիգադ

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք 708-րդ մոտոհրաձգային բրիգադին։

708-րդ բրիգադը ստեղծվել է պատերազմի ժամանակ, 1992թ․ ապրիլին, Աղդամում։ Հրադադարի հաստատումից հետո որոշ ժամանակ բրիգադը շարունակել է մարտական հերթապահություն իրականացնել Աղդամի ուղղությամբ, սակայն այնուհետև հետ է քաշվել։

Ներկայումս բրիգադը տեղակայված է Եվլախի շրջանում, Արան ավանից մոտ 2-3կմ հարավ-արևմուտք։ Մշտական տեղակայման վայրից ուղիղ գծով հեռավորությունը ռազմաճակատից կազմում է մոտ 22կմ։ Այսպես կոչված «երկրորդ էշելոնի», ռեզերվային բրիգադ է և որպես ռեզերվային բրիգադ ունի բավականին հաջող աշխարհագրական դիրք։

Նախ բրիգադը գտնվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող մոտ 9 կմ երկարությամբ լեռնազանգվածի` մեր կողմից հակադիր լանջին, ինչն օրինակ դժվարեցնում է բրիգադի տեղակայման վայրի վերահսկումը Արցախի ՊԲ տեսադիտարկման համակարգերի միջոցով։ Երկրորդ՝ այն գտնվում է Բաքու-Վրաստանի սահման մայրուղու (M2) և Մինգեչաուր-Բահրամթափա ճանապարհի (R18) խաչմերուկի հարևանությամբ, ինչի շնորհիվ այն շատ արագ կարող է տեղափոխվել ռազմաճակատի տարբեր հատվածներ՝ ուժեղացնելով կամ Մարտակերտի հյուսիսից, կամ Մարտակերտի արևելքից, կամ Ակնայի (Աղդամի) ուղղությամբ գործող ադրբեջանական բրիգադները։

Արցախի բնակավայրերի և Ադրբեջանի 708-րդ բրիգադի փոխադարձ դիրքը։

Ի դեպ, 2018թ․ ապրիլին ադրբեջանական բանակի գոյություն չունեցած կուտակումների ժամանակ, ի թիվս այլ ռեզերվային ուժերի առաջնագծին էին մոտեցվել նաև 708-րդ բրիգադի ստորաբաժանումները։

2014թ․ վերջից կամ 2015թ․ սկզբից սկսվել է զորամասի հիմնովին վերակառուցումը։ Հին զորամասից հյուսիս կառուցվել են 15 նոր զորանոցներ (այդ թվում՝ սպայական), շտաբի նոր շենք, պահեստներ, տեխնիկայի համար գարաժներ, ճաշարան և այլ շինություններ։ Զորամասի հին շինությունները նույնպես շարունակվում են շահագործվել, մասնավորապես տեխնիկայի գարաժները։ Նորակառույց զորանոցները մեր գնահատականով նախատեսված են մոտ 250-300 հոգու համար, իսկ առանձին սպայական զորանոցն ամենայն հավանականությամբ նախատեսված է ավագ սպաների համար։ Բրիգադի ընդհանուր անձնակազմը կարող է գնահատվել 3500-4000 հոգի։

Ադրբեջանական 708-րդ բրիգադի ընդհանուր տեսքը։

Բրիգադն իր կառուցվածքով տիպային է և մոտոհրաձգային գումարտակներից բացի ունի հրետանային, տանկային, հակատանկային, հետախուզական, կապի և այլ ստորաբաժանումներ։ Սպառազինությունում ունի Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, ԲՄՊ-2 ու, ամենայն հավանականությամբ նաև ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, 120մմ 2Ս31 «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգեր, 120մմ քարշակով և ինքնագնաց ականանետներ։ Հակատանկային ստորաբաժանումները զինված են ՄՏ-12 «Ռապիրա» հակատանկային թնդանոթներով, խորհրդային/ռուսական արտադրության տարբեր տիպի հակատանկային հրթիռային համակարգերով, ինչպես նաև իսրայելական Spike-LR և Spike-ER հակատանկային հրթիռային համակարգերով։

Արբանյակային լուսանկարում երևում են 708-րդ բրիգադի ՄՏ-12 «Ռապիրա» հակատանկային թնդանոթները։

Արբանյակային լուսանկարում երևում են 708-րդ բրիգադի ԲՄՊ-2 ՀՄՄ-ները։

Նշենք նաև, որ բրիգադի մշտական տեղակայման վայրից հարավ, հարավ-արևմուտք կա խոշոր զորավարժարան, որը հագեցած է նաև առաջնագիծն իմիտացնող ինժեներական կառույցներով։

Ինչպես վերը նշեցինք, բրիգադն աշխարհագրորեն շատ հարմար դիրք ունի և կարող է օգտագործվել տարբեր ուղղություններով ադրբեջանական բանակի առաջնագիծն ուժեղացնելու նպատակով։ Հարևանությամբ անցնող M-2 մայրուղով 708-րդ բրիգադը կարող է օգնության հասնել հյուսիսից Թալիշի ուղղությամբ գործող ադրբեջանական ուժերին։ Իսկ դեպի հարավ ձգվող R-18 ավտոճանապարհը հնարավորություն է տալիս բառացիորեն 2-3 ժամում հասնել Բարդա-Թարթառ ուղղությամբ, իսկ 3-4 ժամում՝ Ակնայի (Աղդամի) ուղղությամբ գտնվող ադրբեջանական ուժերին։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ հենց հարավային ուղղությունն է բրիգադի համար առաջնահերթ նպատակը։

Քարտեզի վրա երևում է 708-րդ բրիգադին հարակից ճանապարհների ցանցը (սեղմել՝ մեծացնելու համար)։

Նշենք նաև, որ հարավային ուղղության հետ կապող հիմնական ավտոճանապարհը 708-րդ բրիգադից առանձնացված է Ղարաբաղյան մեծ ջրանցքով, և բրիգադի այս բարձր մոբիլությունը կարող է էապես տուժել, եթե հայկական կողմին հաջողվի վնասել մոտակայքում գտնվող կամուրջները, որոնցից առավել կարևորը Արան ավանից արևմուտք և հարավ գտնվող երկու կամուրջներն են։ Դրանց վնասվելու դեպքում ադրբեջանցիները կամ պիտի օգտագործեն ինժեներական միջոցներ, կամ տեղաշարժվեն միջգյուղային նշանակության ճանապարհներով։ Երկու դեպքում էլ հայկական կողմը կշահի մի քանի ժամ, որոնք ժամանակակից սրընթաց զարգացումներով պատերազմներում կարող են շատ կարևոր դեր խաղալ։

Երկրորդ պլանում՝ Վերին Ղարաբաղյան ջրանցքն ու ավտոմոբիլային կամուրջը

One response to “Ադրբեջանի 708-րդ մոտոհրաձգային բրիգադ

  1. Մհեր Հարությունյան

    Շնորհակալություն շատ հետաքրքիր հոդված էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *