Օգոստոսի 1-ից Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր կմասնակցեն Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում անկացվող ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների Noble Partner-2018 զորավարժությանը։
Այա մասին հայտնել էր Վրաստանի ՊՆ–ն։
ՀՀ ՊՆ–ն իր հերթին հայտնում է, որ զորավարժությանը Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով մասնակցելու է ՀՀ ԶՈւ 4 սպա։ Նրանք կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում:
Վարժանքները համալիր բնույթ են կրում, դրանք թե՛ հրամանատարաշտաբային են, թե՛ դաշտային։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող Վրաստանից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Հայաստանից։
Անցած տարի զորավարժության համար Վրաստան էր բերվել ամերիկյան և գերմանական զինտեխնիկա, մասնավորապես՝ «Մ1Ա2 Աբրամս» տանկեր, «Բրեդլի» և «Սթրայքեր» զրահափոխադրիչներ, գերմանական «Բոքսեր» հետևակի մարտական մեքենաներ: Նշվում է՝ այս տարի նույնպես զինտեխնիկա բերվելու է։
Տվյալ վարժանքները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ և ուղղված են «ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն»։
Առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2015 թվականին: 2016 թ. անցկացված զորավարժությանը մասնակցել են ԱՄՆ ԶՈւ 650 զինծառայող, 150 բրիտանացի զինծառայող, ինչպես նաև Վրաստանի ԶՈւ 500 զինծառայող: 2017-ին ՝ 2800 զինծառայող մի քանի երկրից։
Նշենք, որ անցած տարի Հայաստանը վարժանքներին ներկայացել էր դաշտային հոսպիտալի կազմով: Վարժանքներին ներգրավվել էին նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Սլովենիան, Թուրքիան, Գերմանիան, Ուկրաինան։