Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցույթը Հայաստանում

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք «Ընկերակցության մարտիկ» մրցույթին կմասնակցեն Բելառուսը, Իրանը, Հունաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ուզբեկստանը։

Ներկայացնում ենք՝ ինչ պայմաններով է անցկացվել մրցույթն անցած տարի, որի ժամանակ Հայաստանը մասնակից ՀԱՊԿ չորս երկրներից գրավել էր վերջին՝ 4-րդ տեղը։։

Մրցույթն անցկացվելու է  հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը, 5 փուլով․

  • «Ատլետ»
  • «Պրոֆեսիոնալ»
  • «Դիպուկահար»
  • «Տեր և Տիկին»
  • «Էրուդիտ».

Մրցույթին զինծառայողները կմասնակցեն ԱԿ-74 ինքնաձիգով։ Զինատեսակի ընտրությունը պայմանավորված է բոլոր երկրների սպառազինություններում դրա առկայությամբ։

«Ատլետ»

Այս փուլի շրջանկաներում զինծառայողները մրցում են 3 կմ վազքում, ժամանակի մեկնարկը հաշվարկվում է վարժությունների կատարումից հետո (100 մետր վազք, տարբեր խոչընդոտների հաղթահարում, նռնակի նետում ևն)։

  1. Վազքով 100 մ հատվածամասի անցում
  2. Խոչընդոտների հաղթահարման հատվածամաս (յուրաքանչյուր չհաղթահարված արգելքի համար 2 տուգանային միավոր)
  3. Վազքով 50 մ հատվածամասի անցում
  4. 15 մ հատվածամասի հաղթահարում՝ մինչև 1 մ խորությամբ ջրային խոչընդոտ և 50 մ վազք
  5. 600 գրամանոց 3 միավոր նռնակի նետում և վազք 100 մ (յուրաքանչյուր շեղում 1 տուգանային միավոր)
  6. Սառը զենքի (հետևակային բահի և երկու դանակի) նետում դեպի թիրախը (գտնվում է 5 մետրի վրա) և 30 մ հատվածամասի վազքով անցում (յուրաքանչյուր չխոցված թիրախի համար՝ 1 տուգանային միավոր)
  7. 25 մ հատվածամասի մագլցում և 50 մ վազք
  8. Վերցնել փամփուշտների արկղը (24 կգ) և, 25 մետր անցնելով, դնել այն հատուկ հրապարակում
  9. Վազքով անցում 800 մ՝ մինչև կրակային հրապարակ
  10. 3 մենահատ կրակոց (յուրաքանչյուր չխոցված թիրախի համար` 2 տուգանային միավոր)
  11. Վազքով անցում 800 մ և ավարտ։

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ»

Այս փուլն իր մեջ ներառում է խոչընդոտներով հարուստ հատվածամասի հաղթահարում, կրակային և քիմիական, կենսաբանական պաշտպանության պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկական պատրաստության նորմատիվներ։

«ԴԻՊՈՒԿԱՀԱՐ»

«Դիպուկահար» փուլի ընթացքում մասնակիցները հրաձգություն են իրականացնում ինքնաձիգով։ Նախատեսված է կրակային 3 վարժություն։

«ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ»

Սա ստեղծագործական փուլ է։ Մրցույթի մասնակիցները ներկայացնում են արձակագրության, պոեզիայի, երաժշտական գործիք նվագելու, երգելու և պարելու համարներ։ Ստեղծագործությունները պետք է լինեն ռազմահայրենասիրական, զինված ուժերին նվիրված թեմաներով։

«ԷՐՈՒԴԻՏ»

«Էրուդիտ» փուլում մասնակիցները գիտելիքները չափում են ռազմական պատմության ոլորտում, զինծառայողները լրացնում եմ 35-40 թեստային առաջադրանք, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *