ԱՄՆ–ն և Թուրքիան բանակցում են ամերիկյան Patriot համակարգերի վաճառքի շուրջ․ Reuters

Հուլիսի 16-ին Մեծ Բրիտանիայում անցկացվող Ֆարնբորո ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական–ռազմական հարցերով օգնականի առաջին տեղակալ Թինա Քեյդանոուն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ–ն բանակցում է Թուրքիայի հետ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ։ 

Այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Քեյդանոուն ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները ցուցահանդեսի ընթացքում հանդիպել են դաշնակիցների հետ ԱՄՆ ռազմարդյունաբերական առևտրի շուրջ քննարկումների նպատակով։

Քեյդանոուն նշել է, որ «ԱՄՆ պետդեպարտամենտը բանակցել է Թուրքիայի հետ և փորձել է Թուրքիային բացատրել, թե ինչ կարող են անել Patriot համակարգերի համար»։ Քեյդանոուն սակայն չի հայտնել՝ արդյոք երկու երկրների ներկայացուցիչները ավիացիոն ցուցահանդեսին հանդիպել են, թե՝ ոչ։

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ–ն Patriot համակարգերը Թուրքիային վաճառում է, որպես այլընտրանք ռուսական Ս-400 համակարգերին, որոնց մատակարարումները Թուրքիա դեռևս ընթացքի մեջ են։

Ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգ

Ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգ

Թյուրքագետ Տարոն Հովհաննիսյանը իր բլոգում նշում է, որ ըստ լրատվամիջոցների գնի մասին պայմանավորվածություն չի եղել, իսկ ամերիկյան համակարգերը ավելի թանկ են, քան՝ ռուսականը։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետ բանակցել են այդ երկրին ռուսական Ս-400-ների…

Posted by Արևելագիտական բլոգ on Tuesday, July 17, 2018

Նշենք, որ ամերիկյան Patriot համակարգեր գնելու Թուրքիայի ցանկության մասին Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել էր դեռևս այս տարվա մարտին։ Անդրադառնալով ՆԱՏՕ անդամ երկրների դժգոհությանը ռուսական Ս-400 համակարգերի գնման վերաբերյալ, նա նշել էր, որ Patriot-ի և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի այլ պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը ուղղված աշխատանքները կշարունակվեն: Դրանք Ս-400-ներին այլընտրանք չեն։

Իսկ հուլիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիային կմատակարարվեն 2019թ վերջին։

Վերջինս ևս անդրադարձել էր ռուսական համակարգեր գնելու վերաբերյալ ՆԱՏՕ անդամ երկրների դժգոհությանը և մտահոգություն հայտնել, թե ով պետք է պաշտպանի իր ազգը և երկիրը արտաքին հարձակումից, եթե ՆԱՏՕ–ն կարողանում է պաշտպանել Թուրքիայի օդային տարածքի միայն 30 տոկոսը, այդ պատճառով ռուսական ՀՕՊ համակարգերը անհրաժեշտություն են։ Նրա խոսքով՝ ռուսական համակարգերի ձեռքբերումը չի ազդում Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

 

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *