ՆԱՏՕ–ն Թուրքիայի օդային տարածքի 30 % է ծածկում․ Ս-400-ները անհրաժեշտություն են․ Չավուշօղլու

Թուրքիան Ռուսաստանից պատվիրված Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը կստանա մինչև 2019-ի վերջ։ Այս մասին երեկ Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաղաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ  Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական համակարգեր գնելու վերաբերյալ ՆԱՏՕ անդամ երկրների դժգոհությանը և մտահոգություն հայտնել, թե ով պետք է պաշտպանի իր ազգը և երկիրը արտաքին հարձակումից, եթե ՆԱՏՕ–ն կարողանում է պաշտպանել Թուրքիայի օդային տարածքի միայն 30 տոկոսը, այդ պատճառով ռուսական ՀՕՊ համակարգերը անհրաժեշտություն են։ Նրա խոսքով՝ ռուսական համակարգերի ձեռքբերումը չի նշանակում, որ Թուրքիան «հեռվանում է» ՆԱՏՕ–ից։

Դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները անդրադարձել են նաև ՆԱՏՕ համակարգերի հետ Ս-400–ների տեխնիկական անհամատեղելիության հարցին։ Չավուշօղլուն այս հարցով նույնպես հանգստացրել է նրանց՝ նշելով, որ դրանք հաշվի են առնվել։

Վերջին տվյալներով՝ ըստ ռուսական կողմի՝ Թուրքիայի խնդրանքով արագացվել էր մատակարարումների գործընթացը, դրանք սկսելու էին 2020 թվականից: Բայց սրանից ավելի վաղ՝ 2017–ի դեկտեմբերին նույն ռուսական կողմը հայտարարել էր, որ նշված ՀՕՊ համակարգերը Թուրքիային կսկսեն մատակարարել 2019 թվականի վերջին — 2020 թվականի սկզբին:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ (արխիվ)

Նշենք, որ ամերիկյան կողմը մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային այս համակարգերի գնման դեպքում հնարավոր խնդիրների մասին, իսկ ՆԱՏՕ-ից էլ մշտապես հայտարարում են, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ: Թուրքական կողմն էլ պարբերաբար հայտարարում է, որ չեն հրաժարվելու Ս-400-ներից, դրանք պատրաստվում են կիրառել ՆԱՏՕ-ի համակարգից դուրս:

ԱՄՆ-ն փորձում է նաև խոչընդոտներ ստեղծել Թուրքիային ցանկացած ռազմական արտադրանքի վաճառքի հարցում՝ քանի դեռ թուրքական կողմը չի հրաժարվի գնել Ս-400–ներ:

Մոսկվան և Անկարան Ս-400–ների մատակարարման պայմանագիրը ստորագրել են  2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն ՀՕՊ համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ավելին՝ արդեն 2018 թ. «ՏԱՍՍ»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, թե կողմերը նախատեսում են նաև երկրորդ գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր ստորագրել՝ առաջին խմբաքանակը մատակարարելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *