Ադրբեջանի ՊՆ-ն և զինդատախազությունը փորձում են կոծկել զինծառայողի դաժան ծեծի դեպքը

Ադրբեջանի ՊՆ-ն, ռազմական հրամանատարությունը և զինդատախազությունը փորձում են ամեն կերպ կոծկել ԶՈւ զինծառայող Ջեյհուն Բայրամովի դաժան ծեծի դեպքը՝ չպատժելով մեղավորներին։

ԹՈՒՐԱՆ լրատվական գործակալությունը հաղորդում է՝ զինվորի հայրը՝ Հիքմեդ Բայրամովը հայտարարել է, որ շուրջ 20 օր է անցել Ջեյհունի ծեծի դեպքից, սակայն քրեակաան գործ այդպես էլ չի հարուցվել։

Ջեյհունը զորակոչվել էր 2013-ի հունվարին Աղջաբերդի շրջանից, ապա սերժանտի կուրս էր անցել Բաքվում։ Նրան շուտով ուղարկել էին ծառայության Գետաբեկի շրջանում։

Մայիսի 25-ին՝ կրակադաշտում զորավարժությունների ժամանակ, զինվորն արևահարվել էր ու բարձր ջերմաստիճանով տեղափոխվել սանիտարական մաս։ Այստեղ էլ, չնայած վատ ինքնազգացողությանը՝ ծառայակիցները հարկադրել էին նրան մաքրել տարածքը։ Ջեյհունը հրաժարվել էր, ինչի պատճառով էլ ծեծի էր ենթարկվել։ Հաջորդ օրը տուժածին տեղափոխել էին Գանձակի հոսպիտալ, որտեղ բժիշկներն ախտորոշել էին փայծաղի պատռվածք։

Ներկայումս զինվորը բուժվում է Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում։ Փայծաղի վնասումը խնդիրներ է առաջ բերել նաև լյարդում, և զինծառայողը դատապարտված է այդպես ապրելուն։

Տուժածի հոր խոսքերով՝ Ղազախի զինդատախազությունը կարծես թե սկսել էր քննությունը, սակայն տուժած կողմին չեն հայտնում քննության արդյունքների մասին, իսկ զինվորին ծեծի ենթարկած շարքային Հասիմովն ու Սանլին հուլիսին զորացրվելու են։

Ուստի, չի բացառվում՝ զինդատախազությունն անընդհատ հետաձգում է հետաքննությունը, որպեսզի գործը փակված համարի մեղավորների զորացրումից հետո։

Նշենք, որ Ջեյհունին ծեծի ենթարկած շարքայիններն ու նրանց հարազատները ներողություն չեն խնդրել ու որևէ կերպ չեն արձագանքել միջադեպին։

Զինդատախազությունն էլ միայն բանավոր է վկայում սահմանադրության 126 հոդվածով (առողջությանը դիտավորյալ վնասի հասցնում) քրեական գործ հարուցելու մասին, բայց գրավոր փաստաթղթեր չկան։

Ղազախի զինդատախազ Ռաշադ Նագիևը լրագրողին ասել է, որ հետաքննությունը նոր են սկսում, քրեական գործն էլ հարուցված չէ՝ չմանրամասնելով, թե ինչն է խոչընդոտում գործի քննությանը։

Հավելենք, որ համանման դեպքերն Ադրբեջանում եզակի չեն. դեռևս ընթացիկ տարվա ապրիլի 2-ին Նախիջևանի N զորամասի ծառայող Նաթիգ Ազիմովն ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները: Ադրբեջանի ՊՆ-ն վստահեցնում էր, որ զինվորը ծայրահեղ նյարդային վիճակում է եղել, ախտորոշումը՝ ռեակտիվ փսիխոզ է, սակայն զինվորի հարազատները պնդում են՝ ինքնասպանության փորձի իրական պատճառը հրամանատարական կազմի կողմից պարբերաբար ծեծի ու ծաղրի ենթարկվելն է և դրա պատճառով գլխին ստացած ծանր հարվածը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *