Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հունիսի 15-ին հայտարարել է, որ ԱՄՆ ունեցած «ապացույցները» Սիրիայի՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանն ու անհուսալի են։
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է՝ Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն պարբերաբար դիմել է Դամասկոսին, այնտեղից էլ արձագանքել են՝ քիմիական զենքի պահեստներին ոչինչ չի սպառնում ու անհանգստանալու կարիք չկա։ Բացի այդ, ՌԴ արտգործնախարարն ասել է, որ անիմաստ կլինի բացահայտ քիմիական զենք կիրառի այն ռեժիմը, որն օրհասական վիճակում չէ, այն էլ՝ օգտագործի այն ԱՄՆ-ի կողմից հիշատակված մասշտաբներով։
Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին՝ երբ լուր ստացվեց Թուրքիայում ձերբակալված, նյարդակաթվածային թունավոր զարին տեղափոխող սիրիացի ապստամբների մասին, Արևմուտքը բացարձակապես չարձագանքեց, ինչը զարմանալի է։
Նա մատնանշել է. «Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ունի հստակ օրենքներ. համաձայն դրանց՝ միայն արյան, հագուստի և այլ պարագաների հանգամանալից ստուգումները փորձագետների կողմից կարող են լուրջ փաստեր լինել, իսկ ԱՄՆ-ի հավաքագրած ապացույցները դեռևս չեն համապատասխանում զենքի կիրառումն արգելող կազմակերպության խիստ չափանիշներին»։
Սերգեյ Լավրովը խոսել է նաև Սիրիայում ոչ թռիչքային գոտի սահմանելու ծրագրերի մասին. «Ցանկացած դեպքում այդ քայլը միջազգային իրավունքի խախտում է, ուստի հուսով ենք՝ ԱՄՆ մեր գործընկերներն իրենց քայլերը կհամաձայնեցնեն Սիրիայի հարցով առաջիկա միջազգային քննարկումների արդյունքներին»։
ՌԴ արտգործնախարարն արձագանքել է Հորդանանում «Patriot» ՀՕՊ համակարգերի մարտկոցներ ու F-16 ինքնաթիռներ տեղակայելու մասին շրջանառվող լուրերին՝ ասելով, որ դա, ըստ էության, միջազգային իրավունքի խախտում չէ, քանի որ տեխնիկան Հորդանանի, այլ ոչ թե Սիրիայի տարածքում է, բայց իր համար պարզ է՝ դրանք նախատեսված են Սիրիային հարվածելու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը հունիսի 13-ին հայտարարել էր, թե իբր փաստեր ունեն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, իսկ ավելի ուշ ՆԱՏՕ-ն հավաստիացրել էր՝ դեռևս չի պատրաստվում այս հարցով որևէ բան ձեռնարկել։