2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատներ է ներկայացել նախկինում զինվորական հաշվառման չկանգնած, այդ թվում` արտերկրում գտնվող 345 քաղաքացի և 218 քաղաքացի, որոնք նախկինում խուսափել են զինծառայությունից: Այս մասին պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են «Այսօր» լրատվակայքին։
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–մայոր Արտակ Դավթյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո՝ 2018թ. ամառային զորակոչի ընթացքում վերադարձել է 300 քաղաքացի, որոնցից նվազագույնը 156-ը նախկինում խուսափել է զինծառայությունից:
2016թ. ամառային զորակոչի ընթացքում զինվորական հաշվառման չկանգնած ու զինկոմիսարիատներ ներկայացածների թիվը 243 է: Այդ զորակոչի ընթացքում զինկոմիսարիատներ է ներկայացել նաև 237 քաղաքացի, որոնք փաստացի նախկինում խուսափում էին զինծառայությունից:
Զորակոչ | զինհաշվառման չկանգնածներից ներկայացածներ | խուսափածներից ներկայացածներ |
2016 ամառային զորակոչ | 243 | 237 |
2017 ամառային զորակոչ | 345 | 218 |
2018 ամառային զորակոչ | 300 | 156 |
Ընդհանուր | 888 | 611 |
Նշենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զորակոչային տարիքի և ծառայությունից խուսափած, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները զինկոմիսարիատ կամավոր ներկայանալու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից և զորակոչվում բանակ։
Ավելացնենք նաև, որ 2017-ի աշնանը պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդումից ազատվելու համար տուգանքը վճարելու հնարավորությունը սահմանափակվեց 2019-ի դեկտեմբերի 31-ով:
Այսինքն, 27 տարին մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը լրացած քաղաքացիները իրավունք կունենան գումարը վճարել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը և քրեական հետապնդումից ազատվել:
Ի սկզբանե պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս հնարավոր չի լինի փոփոխել-երկարաձգել: Առաջարկը, սակայն, չէր ընդունվել, որովհետև այն հակասահմանադրական էր. սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը: