2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՀՀ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ»: Այս մասին հայտնում է ՀՔԾ կայքը։
Հոդված 300.1.Սահմանադրական կարգը տապալելը 1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանում հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:
Գեներալ-գնդապետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հաղորդագրության մեջ նշվում է՝ պարզվել է, որ 2008 թվականին եղել են ընտրախախտումներ, դրանց առիթով շուրջօրյա բողոքի ակցիաները գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, ապօրինաբար սահմանվել է ռազմական դրություն, որից հետո զինուժը բերվել է զորանոցային վիճակի, այնուհետև իրականացրել է հատուկ միջոցառումներ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ավելի վաղ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր ռազմական տեսուչի պաշտոնը , նա մայիսի 8-ին ազատվել էր պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։