Ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս․ թշնամու այրված հենակետը Նախիջևանում (արբանյակային լուսանկարներ)

Երեկ՝ հուլիս 1-ին, հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ անել, ինչը ՀՀ ԶՈւ-ն թույլ չի տվել։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի՝ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Razm.info–ի ձեռքի տակ եղած արբանյակային լուսանկարները մասամբ հաստատում են այս տեղեկությունը։

Փոխհրաձգության ընթացքում թեթև վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ էլ հուլիսի 1-ին Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, իսկ հակառակորդը կրակել է հրդեհաշիջման աշխատանքները կատարող զինծառայողների և քաղաքացիականների ուղղությամբ։

Հուլիսի 1-ին արված արբանյակային լուսանկարները հաստատում են, որ շփման գծի այդ հատվածում հրդեհներ են եղել, ընդ որում մեկը հենց ադրբեջանական նոր դիրքի մոտ:

Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական հենակետը հայկական կողմն ավիրել է հունիսի 30-ին, այն ամբողջությամբ այրվել է։

«Անվադողերով փորձել են ամրացրել հենակետը, մերոնք այնքան են դրանց կրակել մեծ տրամաչափով, որ հրկիզվել է։ Կրակը տարածվել է դաշտերով», — մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։

2018-07-01 Հունուտ գյուղի մատույցներ

1 հուլիսի 2018 թ., Հունուտ գյուղի ավերակների մատույցներ

1. Հրդեհի հետք ադրբեջանական դիրքում 

Հուլիսի 1-ին արված արբանյակային լուսանկարում ադրբեջանական նոր դիրքի տարածքում նկատվում է հրդեհի հետք: Հատկանշական է, որ հրդեհը կետային է՝ այսինքն կրակի օջախ է, այլ ոչ թե ավելի մեծ հրդեհի տարածման հետևանք: Սա կարող է լինել հայկական կողմի կրակոցներից ավիրված և այրված դիրքը:

Հրդեհի հետք ադրբեջանական դիրքում

Հրդեհի հետք ադրբեջանական դիրքում

Հրդեհի կետային օջախ 1 և 2

Բացի վերոնշյալ կետից, կա նաև հրդեհների ևս երկու կետային օջախ: Արբանյակային լուսանկարի ցածր որակի պատճառով հնարավոր չէ հասկանալ՝ դա ադրբեջանական դիրք կամ կրակակետ է, թե ոչ:

Հրդեհի հետք Հունուտ գյուղի և հայկական դիրքերի մերձակայքում

Ինչպես տեսնում եք, հրդեհի հետքեր են նկատվում նաև ադրբեջանական և հայկական դիրքերի միջև ընկած հատվածում: Դատելով լուսանկարից հրդեհ է եղել նաև հայկական դիրքերի անմիջական հարևանությամբ:

Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ևս հաստատեց, որ հրդեհը տարածվել է, սակայն հայկական կողմը դրանից վնաս չի կրել:

Նշենք, որ հունիսի 10-ին եղել ենք այս ուղղության դիրքերում, որտեղ մեզ վստահեցրել էին, որ թույլ չեն տալու չամրացված կրակակետերը դիրք դարձնել։ Հիշեցնենք՝ արդբեջանցիները հայկական դիրքերի նշանառության տակ՝ միջդիրքային տարածքում, դրել էին պարկեր, որոնք անվանել էին «դիրք»։

Այսպիսով, արբանյակային լուսանկարներով հաստատվում է, որ մինչև հուլիսի 1-ի կեսօրը [լուսանկարների վերջին թարմացումը] միջդիրքային տարածքում այրվել է տարածք, այդ թվում նաև ադրբեջանական կրակակետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *