Վարժանքներ․ հրետանու թիրախում է առաջնագծում մարտ վարող և թիկունքում տեղաշարժվող թշնամին

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հրետանու զորավարժություն գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Այն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը։

Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում:

Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը:

«Գրադ» ՀԿՌՀ-ն զորավարժության ընթացքում․ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի

«Գրադ» ՀԿՌՀ-ն զորավարժության ընթացքում․ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի

Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվել են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը:

Հրետանային դիվիզիոնը կասեցրել է ձեռնարկված գրոհը, կանխել է հակառակորդի ներթափանցումը դեպի հայկական պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվել ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին:

Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվել է հայտնաբերել հայկական կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրք զբաղեցնելու որոշում է կայացվել:

ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարել՝ թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցի տեղաշարժը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *