Հունիսի 22-28–ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 6–ը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացրել հիմնականում Շրնաք, Դիարբեքիր, Աղրը, Բիթլիս, Հաքքարի նահանգներում և Իրաքի հյուսիսում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ «շարքից հանվել է» քրդական կառույցի 56 զինյալ։
Հատկանշական է, որ Թուրքիայում, թե՛ հունիսի 24–ի ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո թիրախավորված է շարունակվում մնալ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը։ Թուրքիայի իշխանությունները այդ կուսակցությանը մեղադրում են PKK-ին աջակցելու համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նույնիսկ հայտարարել է, որ ՀԺԿ–ի ներկայացուցիչներին չեն թողնելու մասնակցել սպանված թուրք զինծառայողների թաղման արարողություններին։ Այս հայտարարությունից հետո Բուրսա նահանգում սպանված զինծառայողներից մեկի թաղման ժամանակ մի խումբ անձինքն հարձակվել են և մասնատել ՀԺԿ–ի ներկայացուցիչների բերած ծաղկեպսակը։
Ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի բանակը նաև գործողություններ սկսեց Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ։ Սա ոչ միայն զուտ ռազմական նշանակություն ուներ, այլև քարոզչական նպատակներ էր հետապնդում։ Էրդողանն ու իր թիմակիցները դրանով փորձում էին հնարավորինս շատ ձայն ապահովել ազգայնական ընտրազանգվածներից։
Թուրքիայի զինուժը շարունակում է նաև հիմնավորվել Սիրիայի տարածքներում և հիմնականում հաստատվում է այն հատվածներում, որոնք ժամանակին գտնվել են քրդական ուժերի վերահսկողության ներքո։
Թուրքական զինուժը, ամերիկացի զինծառայողների հետ միասին ներկայում «հերթապահություն է իրականացնում» Սիրիայի Մանբիջ քաղաքի սահմաններին։ Թուրքական կողմի պնդմամբ՝ իրենք համաձայնության են եկել Միացյալ Նահանգների հետ Մանբիջից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դուրսբերման վերաբերյալ»։ Ամերիկյան կողմը հայտնում է, որ թուրք զինծառայողները Մանբիջ քաղաքի ներս չեն մտնելու։
Բացի այդ, Թուրքիայի վերահսկողության տակ է գտնվում նաև Աֆրինի շրջանը, որը թուրքական բանակը գրավել է 2018–ի հունվարին սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում, «Եփրատի վահան» գործողության ընթացքում գրաված Ջերաբլուսից–Ազազ հատվածը, Իդլիբ նահանգը, որտեղ Թուրքիան «դիտարկման կետեր է» կառուցել։