Հունիսի 26-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մեկնաբանել է նախօրեին Իրանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ Ղասեմ Ռեզայի հայտարարությունը՝ նշելով, որ դրանով վերջինս փորձում է զինված խմբավորման վրայից հեռացնել սահմանը խախտելու պատասխանատվությունը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ՊՍԾ-ից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան կրկնել են նախորդ հայտարարությունը առ այն, որ «իրականում զինված խումբը սահմանը խախտել է»:
Նշենք, որ հունիսի 21-ին, ինչպես հայտնում էր Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը, Իրան-Ադրբեջան սահմանին՝ Ջալիլաբադ գյուղի մոտ, մի զինված խումբ խախտել էր սահմանը: Ադրբեջանցի սահմանապահների զենքը վայր դնելու հրամաններին չենթարկվելու պատճառով սկսվել էր փոխհրաձգություն: Արդյունքում վիրավորվել էր մեկ ադրբեջանցի սահմանապահ զինծառայող: Վիրավորը Բայլականի շրջանից զորակոչված Կուրուպով Ռամազան Մամեդ օղլուն էր (Kurupov Ramazan Məmməd oğlu):
Իսկ հունիսի 26-ին Իրանի ՊՍԾ պետ Ղասեմ Ռեզային մանրամասներ էր հայտնել այս իրադարձության վերաբերյալ, նշելով, որ «միջադեպը եղել էր ոչ թե Իրան-Ադրբեջան սահմանին, այլ հենց Ադրբեջանի տարածքում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա»: