Հունիսի 26-ին իսրայելական երկու հրթիռ ընկել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Իսրայելի կողմից Գոլանի բարձրունքի ուղղությունից արձակված հրթիռների պայթյունները լսվել են առավոտյան ժամը 1-ի սահմաններում:
Նշենք, որ իրանա-իսրայելական հարաբերությունները կտրուկ լարվել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից հետո: Ըստ նրա՝ իսրայելական հետախուզությանը հաջողվել էր միջուկային արխիվի փաստաթղթեր դուրս բերել Իրանից: Փաստաթղթերը իբրև թե ապացուցում էին, որ Իրանը շարունակում է գաղտնի միջուկային ծրագիրը: Դրանից հետո, մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից և տնտեսական նոր պատժամիջոցներ է հայտարարելու Իրանին: Մայիսի 10-ին Գոլանի բարձունքները, որոնք գրավված են իսրայելական զինուժի կողմից, ենթարկվել էին հրթիռակոծման:
Իսրայելը նախկինում ևս հրթիռակոծել է Սիրիայի տարածքը, նշելով, որ իրենց հիմնական նպատակը Հեզբոլլահի մատակարարման ուղիները փակելն է: