Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան

Ռուսական Սու-30ՍՄ կործանիչի օդաչուական խցիկում վարչապետ Փաշինյանի լուսանկարի հրապարակումից հետո, բնականաբար, բուռն քննարկում սկսվեց այդ կործանիչների գնման հեռնակարի շուրջ։

Արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։ Razm.info-ն կփորձի վերլուծել ակնկալվող այս գործարքի վերաբերյալ առավել էական հարցերը։

Հայկական ռազմական ավիացիայի զարգացման շուրջ քննարկումները նորություն չեն (անգամ դեռ 90-ական թվականներին), սակայն նախկինում այդ քննարկումները բավականաչափ աբստրակտ կամ զուտ տեսական բնույթ են կրել։ Նշենք սակայն, որ ռուսական կողմի հետ բանակցություններում վերջին տարիներին հայկական կողմը նաև գործնական հետաքրքրություն է դրսևորել։ Վերջերս ռուսական «Կոմերսանտ» կայքը անգամ պնդեց, որ դեռ 2012 թ․ Հայաստանի հետ կնքվել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մեջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով։ Դժվար է ասել, թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում այս հարցը եղել է։

Հարցի գինը

Ռազմական ավիացիան թանկ հաճույք է։ Ու հենց սա է եղել հայկական ավիացիայի զարգացումն արգելակող հիմնական հանգամանքը։ Այսօր էլ Սու-30-ների հնարավոր ձեռքբերման քննադատողների հիմնական փաստարկներից մեկը հենց ֆինանսական կողմն է։ Ընդ որում՝ ֆինանսական կողմը քննելիս մի կողմից ուռճացված են ներկայացվում կործանիչների արժեքը, մյուս կողմից, սովորաբար, անտեսվում են հարակից այլ ծախսեր։

2014թ․ սեպտեմբերին ինքնաթիռներն արտադրողը «Իրկուտ» գործարանը հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքվել է 7 Սու-30ՍՄ ինքնաթիռների, ինչպես նաև ինքնաթիռների շահագործումն ապահովող միջոցների վաճառքի պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր 13 միլիարդ ռուբլի (մոտ 360 միլիոն դոլլար այն ժամանակվա փոխարժեքով)։ Այսպիսով, 1 մեքենայի արժեքը՝ անհրաժեշտ գույքի հետ կազմել է շուրջ 51–52 մլն դոլլար։

Նույն տարի Ռուսաստանը Սու-30ՍՄ ինքնաթիռներ է վաճառել նաև Ղազախստանին։ 4 մեքենայի համար Ղազախստանը վճարեց 5 մլրդ ռուբլի, այսինքն՝ մեկ մեքենան Ղազախստանին արժեցավ մոտ 34–35 մլն դոլլար։ Իսկ 2015 թ․ վերջին կնքված նոր պայմանագրով, Ղասախստանը ստացավ ևս 7 միավոր Սու-30ՍՄ 10 մլրդ ռուբլով, կամ մոտ 20 մլն դոլլար յուրաքանչյուր ինքնաթիռի համար։

Նշված օրինակները ցույց են տալիս, որ մեկ ինքնաթիռի միջին գինը կարող է մոտավոր գնահատվել 25-30մլն դոլլար, իսկ շահագործման համար անհրաժեշտ այլ գույքը (տարբեր տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, զինամթերք ևն) կպահանջի ևս մոտ 20-25մլն դոլլար։

Թանկ հաճույք է նաև անձնակազմերի պատրաստումը։ Մեկ օդաչուի պատրաստումը զրոյից կարող է արժենալ մինչև 3–4 մլն դոլլար, այսինքն՝ երկու օդաչու ունեցող Սու-30 դեպքում անձնակազմի պատրաստումը կպահանջի 6–8 մլն դոլլար։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մեքենայի համար պետք է պատրաստ ունենալ առնվազն «1․5 անձնակազմ» (լրացուցիչ անձնակազմերը պետք են ինչպես չնախատեսված իրավիճակների դեպքում, օրինակ՝ հիվանդության, այնպես էլ պատերազմում օդաչուներին հանգստանալու հնարավորություն տալու համար)։ Անգամ եթե համարենք, որ օդաչուների վերապատրաստումը կարող է մոտ 2 անգամ ավելի էժան նստել (այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները), ստացվում է, որ ամեն ինքնաթիռի համար «1.5 անձնակազմի» պատրաստումը կպահանջի 4.5–6 մլն դոլլար։

Եվ վերջապես պիտի հաշվի առնել նաև շահագործման ծախսերը։ Յուրաքանչյուր անձնակազմ տարեկան պետք է առնվազն 100 թռիչքային ժամ ունենա։ Սու-30ՍՄ թռիչքային ժամի ծախսերը գնահատվում են մոտ 35000 դոլլար։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձնակազմի թռիչքների համար տարեկան առնվազն 3.5 մլն դոլլար պիտի ծախսվի։

Ստորև բերված աղյուսակում նշված են 1 էսկադրիլիայի համար ակնկալվող ծախսերը՝ ըստ վերը նշված գնահատականների։

Միավորի գինը

(մլն․ $)

Քանակը Ընդհանուր ծախսերը

(մլն․ $)

Ինքնաթիռ 25–30 12 300–360
Ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույք 20–25 12 240–300
Անձնակազմ

(2 օդաչու)

3–4 18 54–72
Ընդհանուր 594–732
Շահագործման տարեկան ծախս 3.5 18 63

 

Այսպիսով, ամենամոտավոր և կոպիտ գնահատականներով 1 էսկադրիլիա ձեռք բերելը և այն մարտունակության հասցնելը կպահանջի 594–732 մլն դոլլար՝ գումարած տարեկան 63 մլն դոլլար։

Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան

Գնի հարցում որոշակի հստակություն մտցնելուց հետո փորձենք հասկանալ, թե արդյո՞ք այդ գինն արժի վճարել։ Նախ, որպես իրողություն պիտի ընդունենք այն փաստը, որ ինչ էլ մենք ձեռք բերենք, Ադրբեջանն ի վիճակի է ձեռք բերել նույնից, ընդ որում՝ ավելի մեծ քանակով։

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սպառազինության մեր գնումները լինեն այնպիսին, որոնք մեր համար կապահովեն առավելագույն ճկունություն, ինչպես նաև մարտավարական առավելագույն հնարավորություններ անգամ, եթե Ադրբեջանը նույնպես համանման սպառազինություն գնի։ Այլ բառերով ասած՝ մենք պիտի մեծացնենք տեխնիկապես և քանակապես մեզ գերազանցող թշնամուն ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ հաղթելու շանսերը։

Այս առումով կործանիչ ավիացիան առավելագույն ճկունություն ու մարտավարական առավել լայն զինանոց ապահովող միջոց է։ Այսպես օրինակ․ ապրիլյան պատերազմի տիպի պատերազմում հազիվ թե հայկական կողմը գործի դնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռները։ Դրանք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն լայնամասշտաբ ու երկարատև պատերազմում։ Մինչդեռ կործանիչ ավիացիան մարտական խնդիրներ կարող է լուծել ոչ միայն ապրիլյան պատերազմի տիպի, այլ անգամ շատ ավելի լոկալ ու փոքր բախումների ժամանակ։ Ավելին՝ կործանիչ ավիացիան կարող է օգտագործվել անգամ առանձին, նեղ, նախահարձակ գործողություններում։

Կործանիչ ավիացիայի ճկունության մեկ այլ օրինակ է ցամաքային զորքերի հետ փոխգործակցության ահռելի պոտենցիալը, երբ օդուժը կարող է ուղղորդել առավել կարևոր թիրախներին կոմբինացված օդային, հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելը։

Հաճախ է քննարկվում նաև Ադրբեջանի՝ բավականին զարգացած ՀՕՊ պայմաններում կործանիչ ավիացիայի նպատակահարմարության հարցը։ Արդյո՞ք թշնամու ուժեղ հրետանին պատճառ է սեփական հրետանին չզարգացնելու համար։ Կամ ուժեղ հակատանկային հնարավորությունները պատճա՞ռ են, որ հրաժարվենք տանկերից ու այլ զրահատեխնիկայից։ Սրանք, իհարկե, հռետորական հարցեր են։ ՀՕՊ-ը երաշխավորված չի չեզոքացնում ավիացիայի հնարավորությունները։ Առավել ևս, երբ գործ ունենք բազմաֆունցկիոնալ կործանիչների հետ, որոնց խնդիրներից մեկը հենց թշնամու ուժեղ ՀՕՊ ճնշումն է։ Կհաջողվի դա անել, թե ոչ, կախված է կոնկրետ ռազմական գործողության պլանավորումից ու իրագործումից։ Ավելին՝ ընդհանուր առմամբ, ՀՕՊ հնարավորությունների մասին հանրային պատկերացումները բավականին ուռճացված են։

Պոտենցիալ խնդիրները

Նախորդ հատվածից կարող է տպավորություն ստեղծվել, թե ավիացիան կախարդական փայտիկ է, որի մեկ շարժումով կլուծվեն մեր անվտանգության խնդիրները, եթե ընդամենը 600–700 մլն դոլլար ծախսենք։ Իհարկե այդպես չէ. Սու-30ՍՄ էսկադրիլիան նաև նոր խնդիրներ է ստեղծում։

Նախևառաջ, եթե սկսում ենք կառուցել ռազմական ավիացիա, ապա չպետք է բավարարվենք միայն կործանիչներ գնելով։ Առաջին պլան է դուրս գալու նաև սպառազինությունում եղած միջոցների կապիտալ նորոգումն ու արդիականացումը։ Խոսքն առաջին հերթին Սու-25 գրոհիչների մասին է։ Դրանց արդիականացումը Սու-25ՍՄ3 տարբերակով թեև լրացուցիչ ծախսեր է ենթադրում (ընդհանուր՝ մոտ 100 մլն դոլլար), սակայն կօգնի էապես ավելի արդյունավետ դարձնել օդուժը, ինչպես թշնամու ՀՕՊ ճնշման, այնպես էլ ցամաքային ուժերին աջակցելու հարցում։ Սպառազինությունում եղած ուղղաթիռների կապիտալ նորոգման և արդիականացման համար կպահանջվի ևս մոտ 30 մլն դոլլար։

Առանձին խնդիր է նաև օդանավակայաններում ինքնաթիռների պաշտպանության հարցն անակնկալ հրթիռային հարձակումներից։ Կարելի է ենթադրել, որ «Էրեբունի» ավիաբազայում ռուսական օդուժի հետ համատեղ կայանումը որոշակի պաշտպանություն կապահովի, քանի որ քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը կհամարձակվի հարվածել ռուսական ռազմաբազային, սակայն հասկանալի է, որ զուտ սրա վրա հույս դնել չի կարելի։

Օդանավակայանների անվտանգության համար անհեռանկարային է նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացումը, քանի որ այդպիսի համակարգերի իրական արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Ինչպես ցույց տվեց Սաուդյան Արաբիայի և Յեմենի պատերազմը, անգամ այնպիսի հզոր համակարգը, ինչպիսին ամերիկյան «Patriot»-ն է, հնարավոր է լինում շրջանցել կամ խոցել գրագետ ընտրված մարտավարության շնորհիվ։

Եվ վերջապես պաշտպանվածությունը կարելի է բարձրացնել ինքնաթիռները բաշխելով տարբեր օդանավակայաններում և պարբերաբար դրանք տեղափոխելով։ Այս տարբերակի համար կպահանջվի, որ գործող ռազմական օդանավակայաններից բացի (Էրեբունի, Շիրակ, Արզնի) վերականգնվեն նաև ԽՍՀՄ ժամանակ գործած մյուս օդանավակայանների և արեոդրոմների թռիչքուղիները։ Դրանք պիտի կարողանան ապահովեն ինքնաթիռների կարճաժամկետ կայանումն ու սպասարկումը։ Օդանավակայանների, աէրոդրոմների ու թռիչքուղիների ցանցի ընդլայնումը լրացուցիչ կմեծացնի նաև օդուժի մարտավարական հնարավորությունները, ինչը սակայն նոր լրացուցիչ ծախսերի կբերի։

Ամփոփում

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցինք, օդուժը թանկ հաճույք է։ Ու, ինչպես տեսանք, բացի զուտ կործանիչների գնումից, ապագայում այն պահանջելու է նաև այլ ծախսեր․ գրոհիչ ինքնաթիռների ու ուղղաթիռների արդիականացում, լրացուցիչ օդանավակայանների և թռիչքուղիների վերանորոգում կամ կառուցում ևն։

Մյուս կողմից գրագետ կառուցված և հավասարակշռված ռազմական ավիացիան ի վիճակի է ապահովել ճկունություն, մոբիլություն և մարտավարական լայն հնարավորություններ ավելին, քան որևէ այլ զորատեսակ։ Այս իմաստով, այո, օդուժն արժի այն գինը, որը պետք է վճարվի։ Դա թանկ գին է, սակայն որքան էլ, որ թանկ լինի հաղթանակի գինը, պարտության գինը բազմապատիկ անգամ ավելի թանկ է։

Ամփոփման մեջ մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա էլ ենք ցանկանում ուշադրություն դարձնել։ «Կոմերսանտ» կայքի վերը հիշատակված հոդվածում հեղինակը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, քանի որ «դա պետք է Իրկուտսկի ավիագործարանը մինչև 2022թ․ բեռնելու համար»։ Սա կարևոր հանգամանք է։ Ռուսաստանը պլանավորում է 2022 թ․-ից Իրկուստկում սկսել ՄՍ-21 ուղևորատար ինքնաթիռների արտադրությունը։ Ընդ որում՝ այդ պլաններն ամենայն հավանականությամբ դեռ կտեղաշարժվեն «դեպի աջ»։ Ուստի առաջիկա 5 և ավելի տարիների համար գործարանն աշխատունակ վիճակում պահելու խնդիր կա, և հետևաբար Ռուսաստանին ամեն գնով անհրաժեշտ են պատվերներ։ Այս պայմաններում հավանական գործարքի կոմերցիոն բաղադրիչը ռուսների համար դառնում է նվազ կարևոր, և սա լավ հնարավորություն է հնարավորինս ցածր գնով ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

One response to “Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան

  1. իսկ մոդերնիզացված su 27-էրի մասին ինչ կասեք։

Մեկնաբանել ԱրմանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *