Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:
2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում:
Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր և գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ:
Ավելի վաղ զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: