Զորամասից վառելանյութի և պահեստամասերի խոշոր չափերով յուրացումներ են բացահայտվել. ԱԱԾ

2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վառելանյութի և պահեստամասերի առանձնապես խոշոր չափերով  յուրացումների դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ կայքը:

Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը զորամասերից մեկի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ:

Զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև:

Վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման են ենթարկվել լցակայաններից մեկի սեփականատերը ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը:

Մեկ այլ անօրինական գործողությունների դեպքով, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին  զորամասերից մեկի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում ՝ նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով, ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող տարբեր անձանց, իսկ տեխնիկայի վրա տեղադրել օգտագործված մասեր:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:

Նշված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հիշյալ դեպքերի հանգամանքները և դրանց հետ առնչություն ունեցող այլ անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափերը ճշգրտելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *