Զորամասի ինժեներական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի մահվան գործով

2017թ նոյեմբերի 21-ին ՊԲ դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված լեյտենանտ Գեղամ Զաքարյանի, շարքայիններ Սարգիս Աբրահամյանի և Սարգիս Մելիքյանի, վիրավորված շարքային Նարեկ Հովեյանի գործով առաջադրվել է մեղադրանք նույն զորամասի ինժեներական ծառայության պետին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ականազերծում և ականապատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված եղել զորամասի ինժեներական ծառայության պետ Է.Գրիգորյանը՝ կոչումով մայոր (զորացրվել է 2018թ. փետրվարին), ով ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել:

Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով` սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դեպքի առթիվ 2017թ նոյեմբերի 22-ին երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 4-րդ մասով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *