«Գերեզմաններ» այցելած ադրբեջանցիների հետքերով․ ինչ վիճակ է Նախիջևանի Հունուտ գյուղի շուրջ

Հունիսի 10-ին պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Ռազմինֆոյի թղթակիցները և մի խումբ հասարակական գործիչներ այցելել էին Նախիջևանի ուղղությամբ առաջնագիծ և տեղում ծանոթացել թշնամու և հայկական դիրքերի  կրակակետերի դասավորվածությանը։ Եղել ենք նաև լքված Հունուտ գյուղի մի մասը և գերեզմանը դիտարկող հայկական դիրքում։

Նախօրեին Նախիջևանի լրատվական գործակալությունը հրապարակել էր կադրեր Հունուտ գյուղից՝ նշելով, որ ադրբեջանցիները կարողացել են դիրքեր առաջ տալ, 50 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել և ազատագրել 11 հազար հա տարածք։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Հունուտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը համաձայնել է։ Լուսանկարների հեղինակները գերեզման այցելածներն են։

Հունուտ գյուղը դիտարկող ՀՀ ԶՈւ դիրքում տեսանք, որ այսպես կոչված ադրբեջանական դիրքերը իրականում չամրացված կրակակետեր են․ հակառակորդը հայկական դիրքերի նշանառության տակ՝ նեյտրալ տարածքում, դրել է պարկեր, որոնք անվանել է «դիրք»: Գյուղն առնվազն հայկական երկու դիրքից ամբողջովին վերահսկելի է, իսկ մերձակայքը արդյունավետ կրակի առումով մեր կողմից խոցելի: Պատկերացում կազմելու համար ստորև ներկայացնում ենք նկարը:

Հունուտ գյուղի, ադրբեջանական կրակակետերի և հայկական դիրքերի պատկերը: Լուսանկարը արված է մեր դիրքից

Հունուտ գյուղի, ադրբեջանական կրակակետերի և հայկական դիրքերի պատկերը: Լուսանկարը արված է մեր դիրքից

«Դրանք դիրք չեն»,– ասում է  առաջնագծի այս հատվածի համար պատասխանատու զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը։ Դիրք լինելու համար պետք է ամրացվեն, կառուցվեն համապատասխան ճանապարհներ՝ թիկունքային ապահովման և այլ կոմունիկացիաների համար։ Փոխգնդապետի խոսքով՝ հայկական կողմը խոչընդոտում և խոչընդոտելու է դրան։

Ադրբեջանական կրակակետերի լոկացիան

Ադրբեջանական կրակակետերի լոկացիան

Ի դեպ, այն դիրքը, որտեղ մենք էինք, ըստ հակառակորդի լրատվամիջոցների, Ադրբեջանը գրավել է։ Այսպիսով՝ թշնամու «գրաված» դիրքում ծառայում են միայն ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողներ։

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ այս դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ այս դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ

Մինչ դիրքերում էինք, Նախիջևանի խորհրդարանի պատգամավոր Թարիել Թալիբովը հայտարարեց, որ Հունուտ գյուղի տարածքում աշխատանքներ են տարվում բնակիչներին այնտեղ տեղափոխելու, բնակեցնելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր խնդրանքով արձագանքեց այս հայտարարությանը․ «Ցանկացած գյուղ կամ գյուղի ավերակ Ադրբեջանը կարող է փորձել վերականգնել ու շենացնել, ինչպես իրենք են կարծում, բայց դրա ռազմական նշանակության, կենսունակության, ապահովության հարցերով ոչ մի պատգամավոր և ոչ մի շինարար չի կարող ոչ երաշխիք տալ, ոչ ապահովել, կյանքը ցույց է տվել, որ դա ավելի բարդ հարց է, քան որոշում կայացնել՝ ինչ-որ բան սարքելը։ Իսկ տարիների ընթացքում սահմանագծի երկայնքով տասնյակ բնակավայրեր, նաև մեր կողմից, են վտանգավոր գոտում, մի քանի անգամ ավելի տասնյակ՝ իրենց բնակավայրերը։ Դրա նպատակահարմարության մասին արդեն արժի մտածել։

Այդ գյուղի կոնկրետ ինչ-որ հատվածներ, ոչ ամբողջական, իրենք կարող էին անել ցանկացած ժամանակ։ Այդ զուտ ներքին լսարանի համար մեսիջային դատարկախոսությունները, որ հիմա կարող են կամ ուզում են սկսել, էդ նրա համար են, որ ամրապնդվի էն միտքը, որ իրանք բան են ազատագրել։ Տեսանք, որ թերակղզու նման տարածքը միշտ էլ իրենց տարածքն են եղել, երբ էլ ուզենան կկարողանային փորձել գոնե բնակեցնել, ինչքանով դա կստացվի, ժամանակը ցույց կտա»։

Հունուտի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակակետերի լուսանկարները և քարտեզի վրա դրանց տեղերը ստորև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *