Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Հունիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել: Թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը գործելու է առնվազն 15 օր՝ մինչև հունիսի 22-ը: Այն տարածվում է Հաքքարի նահանգի Յուքսեքովա, Չուքուրջա, Շեմդինլի գավառներում:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Նշենք, որ Հաքքարի նահանգը անմիջապես սահմանակցում է Իրաքի հյուսիսային հատվածներին, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական ճամբարները և բազաները: Թուրք ուժայինները ներկայում ռազմական գործողություններ են իրականացնելու նաև Իրաքի հյուսիսում: Շատ հաճախ PKK-ի զինյալները Իրաքից Թուրքիա են անցնում հենց Հաքքարի նահանգով:

Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *