Մանբիջում Թուրքիան և Միացյալ Նահանգները 11 «դիտարկման կետ» կստեղծեն. «Հյուրիեթ»

Թուրքական աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դուրսբերումից հետո, ԱՄՆ և Թուրքիան ընդհանուր 11 «դիտարկման կետ» են ստեղծելու Մանբիջում: Այս մասին հունիսի 6-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ըստ աղբյուրի՝ «դիտարկման կետերից» 6-ը պատկանելու է Թուրքիայի զինված ուժերին, իսկ 5-ը՝ ԱՄՆ Պենտագոնին:

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ.

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ.

Թուրքական պարբերականը նաև հայտնում է, որ գործընթացն ավարտելուց հետո Սիրիայից դուրսբերված Սուլեյման Շահի դամբարանը հետ է բերվելու Սիրիայի տարածք: Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի փետրվարին Թուրքիան մոտ 700 հոգանոց զորախմբով մտել է Սիրիայի տարածք և այնտեղից դուրս բերել Սուլեյման շահի դամբարանը և այն հսկող զորամիավորմանը:

Նշենք, որ հունիսի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման, այնտեղ համատեղ ուժերով անվտանգության ապահովման շուրջ:  ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտնել է, որ Մանբիջի հարցով «ճանապարհային քարտեզը» համաձայնեցվել է, սակայն մանրամասներ չեն նշվում:

Ներկայում Մանբիջում բացի քրդական YPG-ից գործում են նաև Միացյալ Նահանգների ԶՈւ զինծառայողներ: Մանբիջը սիրիական հարցում թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկն է: Թուրքական կողմը դեմ է քրդական ուժերի առկայությունը Մանբիջում և Միացյալ Նահանգներից էլ բազմիցս պահանջել է չաջակցել քրդական ուժերին: Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկչական կառույցներ» և Նահանգներին մեղադրում է «ահաբեկիչներին աջակցելու համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *