Արտաքին քաղաքականությունը ՀՀ նոր կառավարության ծրագրում

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ կառավարությունը ներակայացրել և հավանություն է տվել կառավարության ծրագրին: ՀՀ ԱԺ նախագահին առաջարկվել է հունիսի 7-ին` ժամը 11-ին, գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում կընդգրկվի նաև այս ծրագրին հավանություն տալու հարցը:

Կառավարության ծրագրում ընդգրկված՝ արտաքին քաղաքականության շրջանակներում Հայաստանի (նաև Արցախի) անվտանգությանը վերաբերող դրույթները տեղադրում ենք նույնությամբ:  

«Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի  միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը և դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը և կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական եւ տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

  • Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
  • Ռուսաստանի հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ։
  • ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
  • Իրանի և Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին և որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհքաղաքական ազդեցություններից։ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ։
  • Ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքի գործընկեր երկրների հետ:

Բազմակողմ հարթակներում կառավարությունը կարևորում է՝

  • ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և ՀՀ շահերի պաշտպանությունը,
  • ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը,
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպումը, 2018-2020 թթ. ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը,
  • ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը»:

Կառավարության ծրագրի՝ զինված ուժերին վերաբերող դրույթները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *