Հնարավոր է մինչև տարեվերջ Airbus-ը Իրանին մատակարարի պատվիրված 100 ինքնաթիռներից ևս 3-ը

Ֆրանսիական Airbus ավիաընկերությունը ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ Իրանին կմատակարարի ևս 3 միավոր քաղաքացիական ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի խոսնակ Սոդեիֆ Բադրին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք,որ  2016 թ. իրանական Iran Air ավիաընկերությունը  Airbus-ի հետ  համաձայնության էր եկել Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ։ Մատակարարումները Airbus-ը սկսել է 2017-ի հունվարին։Ըստ Բադրիի՝ եվրոպական ընկերությունը առայժմ Իրանին մատակարարել է 3 միավոր ինքնաթիռ։

Քաղաքացիական ինքնաթիռներ գնելու պայմանագիր Իրանը կնքել է նաև ամերիկյան Boeing ընկերության հետ։ Իրանի խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի խոսնակը հավելել է, որ  Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո, Boeing-ը չի պլանավորում Իրանին ինքնաթիռներ մատակարարել։

Հիշեցնենք,որ մայիսի 8-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո 90 և 180 օր ժամկետներում կվերականգնեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին 90 օրում նախարարությունը կաշխատի նաև Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու համար Boeing և Airbus ավիաընկերությունների արտոնագրերը չեղարկելու ուղղությամբ։

Նկատենք, որ թեև Airbus-ը եվրոպական ընկերություն է, սակայն ինքնաթիռների արտադրության համար նաև ամերիկյան մասեր է օգտագործում, ինչի պատճառով վաճառքի համար պետք է ստանա նաև ԱՄՆ համաձայնությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *