Իրանական զորքեր Սիրիայում չկան և չեն եղել։ Այս մասին ռուսաստանյան RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Ըստ Ասադի՝ Սիրիայում միայն իրանցի խորհրդականներ են, որոնք աջակցում են այդ երկրի բանակին։
Ասադի խոսքով՝ Իսրայելը ստում է, երբ պնդում է, թե Սիրիայում իրանական զորքեր և ռազմաբազաներ կան։
«Մի քանի շաբաթ առաջ Իսրայելի ՌՕՈւ-ն ավիահարվածներ էր հասցրել մեր տարածքին։ Ինչպես նրանք պնդում էին՝ թիրախը իրանական ռազմաբազաները և ճամբարներն էին։ Սակայն զոհվածների և վիրավորների թվում տասնյակ սիրիացիներ էին և ոչ մի իրանցի։ Այնպես որ բոլոր այդ պնդումները սուտ են»,- ասել է Սիրիայի նախագահը։
Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «շարունակելու են գործել Սիրիայում ռազմական ներկայություն հաստատելու Իրանի մտադրության դեմ` ինչպես Գոլանի բարձունքներում, այնպես էլ Սիրիայի ցանկացած վայրում»։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Գոլանի բարձունքները, որոնք գրավված են իսրայելական զինուժի կողմից, հրթիռակոծման էին ենթարկվել: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հրթիռները արձակել էին իրանական ուժերը: Իսրայելը պատասխան հարվածել էր «իրանական թիրախներին»։
Հավելենք, որ Իսրայելը շարունակ պնդում է, որ Իրանը զորքեր ու ռազմաբազաներ ունի Սիրիայում, սակայն Իրանը հերքում է այդ մեղադրանքները։