Մայիսի 25-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որով պաշտպանության դեպարտամենտին արգելվում է Թուրքիային վաճառել ծանր սպառազինություն, այդ թվում՝ F-35 կործանիչներ, մինչև Պենտագոնը չներկայացնի Թուրքիայի կողմից S-400-ների գնման, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-գնահատական: Օրինագիծն ընդունվել է մայիսի 25-ին:
Օրինագծում նշվում է, որ «Անցյալ տարի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գնալով ալարվել են Թուրքիայի կառավարության որոշ սադրիչ գործողությունների պատճառով»:
Լարվածությանը բերել են մասնավորապես Թուրքիայի կողմից ռուսաստանյան արտադրության Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ գործարքը: Դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի և ԱՄՆ միջև զենքերի նախագծման համատեղ ծրագրերի վրա: Դրանք, ըստ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի, նաև վնասել ՆԱՏՕ-ի համատեղելիության մարտահրավերներին՝ համատեղ ռազմաշինության և տեղեկատվության կիսելու տեսանկյունից:
Օրինգծում նշվում է, որ այս ամենը կարող է ազդել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վրա: Օրինագծի ընդունումից հետո առավելագույնը 60 օր ժամկետում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը (Պենտագոն) պետքարտուղարության հետ խորհրդակցելով պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի ԱՄՆ-Թուրքիա ներկա հարաբերությունների մասին զեկույց-գնահատական:
Զեկույցը պետք է ընդգրկի հետևյալ կետերի մասով տեղեկատվություն-գնահատական.
- Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական և ռազմական ներկայության գնահատական՝ ներառյալ «Ինջիրլիք» ավիաբազայում և այլ տեղերում;
- Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր ձեռքբերման, նշված գործարքի՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության՝ ներառյալ Թուրքիայի հետ համատեղ օգտագործվող զինատեսակների վրա ազդեցության գնահատական. [նշված զինատեսակներն են].
- F-35 կործանիչ-ռմաբակոծիչներ՝ ներառյալ համատեղ արտադրությունը;
- Patriot ՀՕՊ համակարգեր;
- CH-47 Chinook ռազմատրանսպորտային ուղղաթիռներ;
- AH-1 Cobra հարվածային ուղղաթիռներ;
- H-60 Black Hawk ուղղաթիռներ;
- F-16 կործանիչներ:
Պենտագոնը նաև պետք է ներկայացնի ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ի այլ երկրից այլընտրանքային ՀՕՊ համակարգերի գնման հնարավորությունը:
Մինչև տվյալ զեկույցի ներկայացումը և քննարկումը Պենտագոնին արգելվում է Թուրքիային վաճառել նշված զինատեսակները:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ԱՄՆ-ում առաջին անգամ օդ էր բարձրացել Թուրքիայի համար նախատեսված F-35: Ըստ նախնական տվյալների՝ Թուրքիան նշված ռազմական ինքնաթիռները (100 միավոր) պետք է ստանար 2019 թվականից սկսած:
ԱՄՆ-ի կողմից նման քայլի ֆոնին թուրքական Yeni Şafak իշխանամետ պարբերականը հրապարակել էր հոդված, որտեղ նշվում է, թե իրենք կարող են F-35-ների փոխարեն ռուսաստանյան արտադրության Սու-57 գնել, եթե ԱՄՆ-ն արգելի վաճառքը: Սակայն «Սպուտնիկ Թուրքիային» թուրքական «ռազմական աղբյուրները» հայտնել են, որ Անկարան պետական մակարդակով առայժմ նման հարց չի քննարկել:
Նկատենք, որ անգամ պետական մակարդակով նման ցանկության դեպքում Թուրքիայի համար բավականին բարդ կլինի յուրացնել ռուսաստանյան ինքնաթիռները: Վերջին տարիներին Թուրքիայում նկատվում է անգամ ամերիկյան արտադրության F-15/16 դասի ինքնաթիռների ռազմական օդաչուների սուր պակաս, իսկ Սու-57-երը կպահանջեն նոր օդաչուներ, նոր ենթակառուցվածքներ և հսկայական ծախսեր: