Սիրիայում սպանվել է 4, վիրավորվել` 3 ռուս զինծառայող

Մայիսի լույս 27-ի գիշերը Սիրիայի Դեր Զոր նահանգում ահաբեկիչները հարձակվել են այդ երկրի կառավարական ուժերի հրետանային մարտկոցի դիրքերի վրա։ Մարտերի ընթացքում և ստացած վնասվածքներից մահացել է ՌԴ ԶՈւ 4 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվակայքը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ բախման ժամանակ վիրավորվել է՝ 5, տեղում մահացել 2 զինծառայող։ Վիրավորներից 2-ը մահացել են հիվանդանոցում։ ՌԴ ԶՈւ զինծառայողները, ըստ այս տեղեկության, եղել են ռազմական խորհրդատուներ և ղեկավարել են սիրիական հրետանային մարտկոցի կրակը։

Կայքը հայտնում է, որ գրոհայինները Դեր Զորի շրջանում երեկոյան ժամերին հարձակվել են կառավարական զորքերի հրետանային մարտկոցի վրա։ Մարտը տևել է 1 ժամ։ Ըստ ռուսական աղբյուրի՝ սպանվել է 43 գրոհային, չեզոքացվել մեծ տրամաչափի զենքով սպառազինված 6 ամենագնաց մեքենա։

Հիշեցնենք, որ Դեր Զորի հատվածում հիմնականում տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժեր։ Եփրատից արևմուտք ԱՄՆ աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերն» են (SDF), իսկ արևելք՝ Սիրիայի բանակի և Դամասկոսի դաշնակիցների ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *