ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և  Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։  Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

Meraj Air և  Mahan Air ավիաընկերությունների կետ կապ ունենալու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի 2 և Թուրքիայի 1 քաղաքացու նկատմամբ։

Առանձին պատժամիջոցներ են սահմանվել նաև Meraj Air, Mahan Air, Caspian Air, Pouya Air ավիաընկերությունների 31 ինքնաթիռների նկատմամբ։ Նշված ընկերությունները «ահաբեկիչներին  աջակցելու» մեղադրանքներով տարիներ առաջ նույնպես հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջ էր ներկայացրել Իրանին, որոնց կատարման դեպքում ԱՄՆ պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ: Նախապայմանների չկատարման պարագայում Վաշինգտոնը «աննախադեպ պատժամիջոցներով» է սպառնում։

Պոմպեոն նշել էր, որ ԱՄՆ-ն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության պահպանման համար։ Պատժամիջոցների մեղմացում, ըստ Պոմպեոյի, կլինի միայն ժամանակ, երբ Իրանը փոխի իր քաղաքականությունը։

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի 5 ֆիզիկական անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների հետ կապ ունենալու և Եմենի հութիներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ։

Մինչ այդ նախարարությունը  պատժամիջոցներ էր սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը առնչակից 6 անձանց և վերջիններիս հետ կապ ունեցող 3 ընկերության նկատմամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց Միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկտամամբ չեղարկված պատժամիջոցները վերականգնելու ու նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *