ՀԱՊԿ-ում Կորյուն Նահապետյանը բարձրացրել է կառույցի երկրներից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Մայիսի 23-ին Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։

Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինչին ի պատասխան Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է.

«Եթե երբևէ Հայաստանին որևէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որևէ երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում նաև այդ զինատեսակները, մենք կկատարենք պայմանագրային մեր բոլոր պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների հետ իրենց անվտանգության համար»:

Հայկական կողմի առաջարկով հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում ներառվել է նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած կիբերանվտանգության ոլորտին վերաբերող բանաձևի նախագիծն ու մոդելային օրենքի մշակման առաջարկությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *