Զորավարժության սցենարով ՊԲ ուժերը վերականգնել են առաջնագիծը ու զբաղեցրել ավելի նպաստավոր բնագծեր

«Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 23-ին խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Զորավարժությունը ղեկավարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Որպես ուսուցանվողներ հրավիրվել են ՊԲ-ի միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով:

Դիմելով վերջիններիս, բանակի հրամանատարը նշել է, որ պետք է հաշվի առնվի տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության պայմանները:

Գումարտակային մարտավարական  զորավարժության թեմատիկ բովանդակությունը ընդհանուր գծերով համապատասխանել է զորամասի մարտական խնդիրներին:

Ըստ սցենարի՝ ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ինտենսիվ հրետանային կրակի պայմաններում դուրս են գալիս մարտական կիրառման շրջան, և շրջափակման սպառնալիքի պայմաններում վարում պաշտպանողական մարտ։

Ապա երկրորդ շարակազմի և աջակցող ստորաբաժանումների հետ անցնում են հակագրոհի, վերականգնում առաջնագիծն ու զբաղեցնում նախկինի համեմատ առավել նպաստավոր բնագծեր: 

ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ծանոթացել են հետևյալ թեմաներով պարապմունքների անցկացման օրինակելի կարգին.

  • Ստորաբաժանման կամ անհատ զինծառայողի կողմից հենակետի փոխումը՝ հակառակորդի կողմից շրջանցում թույլ չտալու նպատակով,
  • ծանր հրանետային համակարգերից պաշտպանվելու և մարտունակության վերականգնման առանձնահատկությունները,
  • տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպումը` մարտական գործողությունների ժամանակ,
  • զրահախմբի ձևավորման սկզբունքները, տեղաբաշխումն ու լուծվող խնդիրները,
  • զորավարժությունների ժամանակ մշակվող փաստաթղթերն ու գնահատման կարգը:

Զորավարժության արդյունքում գումարտակի հրամկազմի ներկայացուցիչները իրականացրել են մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործողություններ: Գումարտակի շտաբը խաղարկել է տվյալների նախապատրաստման, հաշվարկների կատարման և փոխգործակցության անընդհատ ապահովման առաջադրանքներ:

Կրտսեր հրամանատարական օղակի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու կրակի կառավարման, որոշումների ընդունման և խնդիրների առաջադրման կարողությունները, իսկ ստորաբաժանման զինծառայողները սովորել են գործել շատ ավելի ներդաշնակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *